Գերմանիայի Բունդեսթագի պատմական քվեարկությունը, որը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, դա անելու ԱՄՆ վարչակազմի հրաժարման լույսի ներքո, ևս մեկ անգամ վկայում է Թուրքիային նախագահ Բարաք Օբամայի աջակցության մասին: Այդ մասին ասվում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի /ANCA/՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
ՙԲունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի Թուրքիայի հետագա մեկուսացմանը: Այն նաև միջազգային հանրության ուշադրությունն ուղղում է Օմաբայի վարչակազմի վրա, որը հանդես է գալիս որպես Թուրքիայի հանցակից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունում՚,- հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ Օբաման դեռ ժամանակ ունի հետևելու Գերմանիայի օրինակին, որը չենթարկվեց Թուրքիայի ճնշմանը և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Գերմանիայի Բունդեսթագն այսօր կայացած քննարկումների արդյունքում գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ևս մեկը՝ ձեռնպահ է մնացել: Բանաձևում ընդունվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար:
Նշենք, որ այսօր Բունդեսթագում լսումներին ներկա են գտնվել Հայաստանի և Թուրքիայի դեսպանները: Սակայն, քննարկումներին ներկա չեն եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Կառավարության փոխխոսնակ Քրիստիան Վիրցը հայտնել է, որ Անգելա Մերկելը սատարում է բանաձևին և պրոբացիոն քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել դրան:
Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով արդեն նախազգուշացրել է Բեռլինին թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: