Գերմանիայի Բունդեսթագն, ընդունելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, իրերն իրենց անուններով կոչեց, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել տարածաշրջանային խնդիրների վերլուծաբան, Արցախյան պատերազմի հերոս Սարգիս Հացպանյանը:
Նրա խոսքով, այսօր ՀՀ ԱԳՆ-ը, հիմք ընդունելով Բունդեսթագի բանաձևը, պետք է ուժեղացնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքը: ՙԿարծում եմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների ցուցակում հաջորդը պետք է ԱՄՆ-ը լինի: Եթե Վաշինգտոնը պաշտոնական մակարդակով ճանաչի այդ իրադարձությունները, Անկարան արդեն չի կարողանա շարունակել իր ժխտողական քաղաքականությունը և ստիպված կլինի առերեսվել սեփական պատմությանը: Դա կարող է Թուրքական կայսրության փլուզման սկիզբ դառնալ, որտեղ որևէ կտոր հող չկա, որը երբևէ պատկանել է թուրքերին. Ժամանակակից Թուրքիայի մի կեսը պատկանում է Հունաստանին, երկրորդ կեսը՝ Հայաստանին՚,- գտնում է փորձագետը:
Նրա խոսքով, միջազգային ճանաչման հետ միասին պետք է սկսվի ինչպես բարոյական, այնպես էլ՝ նյութական վնասի փոխհատուցման գործընթաց: Հացպանյանը համոզված է, որ այդ հարցում Գերմանիան ճնշում կգործադրի Թուրքիայի վրա, քանի որ արդեն ընդունված բանաձևով ճանաչել է Հայոց ցեղասպանության համար իր մեղքը:
ՙԱյդ հարցի առնչությամբ Բունդեսթագի բանաձևը լրջորեն տարբերվում է այդ առնչությամբ այլ երկրների բանաձևերից: Փաստաթղթում յուրաքանչյուր նախադասություն ամրագրված է երկրի արխիվներից փաստերով, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հենց Գերմանիայի ծրագրով են իրականացվել այդ գործողությունները՚,- նշել է վերլուծաբանը:
Հացպանյանը նաև համաձայն է այն հավաստմանը, որ Բեռլինի այդ քայլը դեմարշ էր ընդդեմ Անկարայի: Փորձագետը նշել է, որ չնայած այն բանին, որ վերջին երկու տարում Գերմանիան բացահայտ հայտարարում էր Ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին՝ այն, այնուամենայնիվ, հետապնդել է իր անձնական նպատակները. հայկական հարցը ԳԴՀ կողմից օգտագործվել է՝ ցույց տալու, որ թուրքերին այլևս չեն ցանկանում տեսնել Եվրոպայում, և գոյություն ունեցող քանակությունն ավելի քան բավարար է:
ՙՎերջին շրջանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից իրականացվող քաղաքականությունը, այդ թվում՝ վիզային ռեժիմի առնչությամբ, լրջորեն տարբերվում է ինչպես Գերմանիայի, այնպես էլ՝ Եվրոպայի դիրքորոշումից, ինչի մասին բացահայտ հայտարարել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Եվ հայկական հարցն օգտագործվեց Թուրքիային իր տեղը ցույց տալու համար՚,- եզրափակել է վերլուծաբանը: