Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ արդյունավետ պայքար սկսելու մտադրության մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը պետք չէ դիտարկել նախընտրական համատեքստում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով, նախընտրական ելույթի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները մի ամբողջ տարի կա: Ըստ որում, քաղաքական գործիչն ընդգծել է, որ կառավարությունը մշտապես ՙնախընտրական ռեժիմում՚ է՝ անընդհատ պայքարելով գոյություն ունեցող խնդիրների դեմ: ՙԱբրահամյանի հայտարարությունը պետք է դիտարկել որպես կառավարության ղեկավարի ելույթը, ով կոչված է և լի է վճռականությամբ՝ պայքարելու գոյություն ունեցող բացասական երևույթների դեմ՚,- նշել է նա:
Այն հարցին, թե ինչու է վարչապետը հենց հիմա որոշել պայքար սկսել բացասական երևույթների դեմ՝ քաղաքական գործիչն ընդգծել է. ՙԱպրիլյան պատերազմը ցույց տվեց շատ երևոյթների վերաիմաստավորման և վերագնահատման անհրաժեշտությունը՚:
Նշենք, որ ՀՅԴ և ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունները հրաժարվել են մեկնաբանել Աբրահամյանի ելույթը՝ վկայակոչելով, որ ծանոթ չեն նրա ելույթին: Մինչդեռ հենց այս երկու քաղաքական ուժերն են բոլորից շատ բարձրաձայնում կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու անհրաժեշտության մասին, ինչը, նրանց բնորոշմամբ, համատարած բնույթ է կրում:
Մայիսի 12-ին ելույթ ունենալով կառավարության նիստում՝ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է հասարակական-քաղաքական քննարկումներ անցկացնել՝ գոյություն ունեցող խնդիրների լուծումները գտնելու նպատակով: Նա նաև հայտարարել է, որ մտադիր է արդյունավետ պայքար սկսել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, ինչպես նաև կրճատել աշխատակազմի բոլոր չարդարացված ծախսերը՝ համապատասխան հանձնարարականներ տալով նախարարություններին և գերատեսչություններին: