ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը ֆալստարտ է տվել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետի խոսքով, ֆալստարտ տեղի է ունեցել այն պատճառով, որ գործողությունների ներկայումս ակտիվացման որևէ նախադրյալ չկար: Ըստ որում, քաղաքագետ գտնում է, որ ԲՀԿ ակտիվացումը կարող էր մինչև փետրվարի վերջը-մարտի սկիզբը սահմանադրական բարեփոխումներ սկսելու մտադրության վերաբերյալ նախագահի հայտարարության հետևանքը լինել:
ՙԵթե մոտ օրերին անդրկուլիսյան պայմանավորվածություններ ձեռք չբերվեն ԲՀԿ-ի և Հայաստանի հանրապետական կուսակցության միջև, մեզ մոտ բավական հետաքրքիր գործընթացներ տեղի կունենան: Բնականաբար, ՀՀԿ-ն ԲՀԿ-ի թուլացմանն ուղղված գործողություններ կձեռնարկի՚,- նշել է Մինասյանը: Այս համատեքստում նա ավելացրել է, որ բոլոր կամուրջները չեն այրված փոխզիջման հասնելու համար, բայց դրանք բոլորը վնասված են:
Փորձագետը նաև գտնում է, որ Հայաստանի երկու խոշոր կուսակցությունների բացահայտ դիմակայությունից կշահեն երրորդները, որոնք կարող են ամրապնդել իրենց դիրքերը:
ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հալածանք է սկսվել այն բանից հետո, երբ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը սուր քննադատության ենթարկեց Ծառուկյանին նրա ՙկեղծքաղաքական՚ գործունեության համար: Սարգսյանը հենց նույն օրը Ծառուկյանին հանեց ԱԱԽ կազմից, քանի որ ՙերկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա՚:
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդում ելույթի ժամանակ ՙբացահայտել է՚ նախագահ Սերժ Սարգսյանի զայրույթի և ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ իր հասցեին քննադատության իրական պատճառները: ՙԻնձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը՚,- նշել է նա։ Նա նաև հայտարարել է, որ հարկերը թաքցնելու առնչությամբ իր հասցեին մեղադրանքները ևս անհիմն են, քանի որ հարկային մարմինները մշտապես ստուգումներ են իրականացնում իրեն պատկանող ձեռնարկություններում: ՙԺողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և ՙատկատներով՚ զբաղվում՚,- նշել է Ծառուկյանը: