Ադրբեջանը չորս մարդով կրճատել է ԼՂՀ այցելած անցանկալի անձանց ցուցակը, հաղորդում է APA-ն:
Այդպիսի ՙերջանկության՚ են արժանացել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, ՙԱմերիկայի ձայնի՚ Մոսկվայի բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուկը, ինչպես նաև Ջոն Հոփքինսի համալսարանի ուսանողներ Իվան Բենովիչը և Նիկոլաս Բոնդրը: Աղբյուրի համաձայն, նրանք նման ՙներողամտության՚ են արժանացել այն պատճառով, որ ավելի վաղ ՙդիմել էին Ադրբեջանի կառավարությանը և զղջանք հայտնել պատահածի առնչությամբ՚:
Vesti.az-ի վարկածով, Միտրոֆանովը հաստատել է ՙիր անկեղծ զղջանքի փաստը՚: Ինչպես արտահայտվել է Միտրոֆանովը, ինքն ապավինել է ՙԱդրբեջանի ղեկավարության իմաստությանն ու բարեգթությանը՚: Սակայն Ադրբեջանի ԱՆ հայտարարել է, որ վերը նշված անձինք կրկին Ադրբեջան կարող են այցելել, ՙեթե հրապարակավ ներողություն հայցեն՚:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՙսև ցուցակը՚ ներառում է 300 հայտնի մարդկանց, ովքեր ՙհանդգնել են առանց Բաքվի թույլտվության՚ այցելել Լեռնային Ղարաբաղ: