Արդեն մի քանի տարի է, ինչ քաղաքական գործիչներն ու նրանց շրջապատը սովորություն են դարձրել սոցիոլոգիան և սոցիոլոգներին քննադատելը, երբ հետազոտությունների արդյունքներն իրենց դուր չեն գալիս: Սակայն, եթե արդյունքները դուր չեն գալիս, ապա դա չի նշանակում, որ դրանք սխալ են:
Սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ հերթական մեղադրանքներ են հրապարակվել հուլիսի 24-ին, lragir.am կայքում: Հեղինակն է Իգոր Մուրադյանը («15 տոկոսին ստիպված կլինեն գնդակահարել», lragir.am, Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2013, 13:02, http://www.lragir.am/index/arm/0/comments/view/85952 ) Առիթը` հուլիսի 20-ին Հայաստանի Քաղաքագետների Միության ինտերնետ-կոնֆերանսում Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռեկտոր, ՌԴ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս` Ա. Վ. Տորկունովի ելույթն էր:
Քննադատին բորբոքել է այն, որ Ա. Տորկունովն, իբր հայտարարել է, որ «Հայաստանի բնակչության 85 տոկոսը պրոռուսական կողմնորոշում ունի» (մեջբերումը Մուրադյանի տեքստից է): Իրականում Ա. Տորկունովը հետազոտական տվյալներ չի հայտարարել: Դրանք բաժանվել են կոնֆերանսի մասնակիցներին՝ կոնֆերանսի կազմակերպիչների կողմից (հետազոտության արդյունքները տես՝ http://gov.am/u_files/file/presentations/IPSC_QLI-2011_Report_Final_%252020_03_2012.pdf, էջ 79):
Ինչևէ, Մուրադյանը սոցիոլոգիական տվյալների վերաբերյալ հարցեր է բարձրացնում. «85 տոկոսը լավ թիվ է, հետաքրքիր է՝ ինչպես է դրվել հարցը. բնակչությանը հարցրե՞լ են, թե ինչ կողմնորոշում է նախընտրում, սակայն այդ դեպքում լավ կլիներ բացատրել, թե ինչ է պրոռուսական կողմնորոշումը:»
Ի. Մուրադյանը ներկա է եղել մայիսի 27-ին Հայստանի քաղաքագետների միության «Հայաստանի
և Ռուսաստանի առջև ծառացած ժամանակակից աշխարհաքաղաքական
մարտահրավերները» կոնֆերանսին, որին մասնակցել է ռուսաստանյան հայտնի քաղաքագետ Ս.
Կուրղինյանը: Կոնֆերանսում ներկայացվել էին և´ նույն այդ հետազոտության տեքստը, և´
սոցիոլոգիական հետազոտությունում տրված հարցը, որը հետևյալն էր. «Համաձա՞յն եք արդյոք հետևյալ դրույթին. գերադասելի
է, որ Հայաստանը միավորվի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպայի հետ»: Այսինքն` ո՞ր ինտեգրացիոն ուղղությունը կգերադասեր
Հայաստանի հասարակությունը, եթե հարցը դրվի որպես. «ընտրել երկու հնարավորություններից
միայն մեկը»:
Ի դեպ` Ռուսաստանի հետ միավորվելուն հակված
են եղել Հայաստանի 18 կամ ավելի տարիքի բնակչության ոչ թե 85, այլ 82.1 տոկոսը:
Հայաստանի բնակչության արտաքին կողմնորոշումների համանման արդյունքներ են ստացվել բազմաթիվ այլ հետազոտություններում:
Օրինակ, ըստ «Հայաստանի Եվրոպական Բարեկամներ» կազմակերպության կողմից 2010թ. իրականացված
հետազոտության. «Ո՞ր երկրներին/Միջազգային կազմակերպություններին եք առավելապես վստահում»
հարցին Հայաստանի բնակչության 85%-ը պատասխանել է` Ռուսաստանի Դաշնությանը (http://www.eufoa.org/uploads/Armenia%20Final%20Report.pdf,
սլայդ 45):
Հայաստանի հասարակությունում պրո ռուսական կողմնորոշումը կայուն է: Օրինակ, դեռ 2004թ. «Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան
Կենտրոնների» (ՀՌԿԿ) կողմից Երևանում, Թբիլիսիում և Բաքվում անցկացված հետազոտության
ընթացքում (տվյալների շտեմարանը հասանելի է
(http://crrc.am/research-and-surveys/caucasusarometer/datasets?lang=en
կայքում կամ ՀՌԿԿ գրասենյակում), այն հարցին, թե. «Ո՞ր երկրների
հետ Հայաստանը պետք է համագործակցի (ա) տնտեսական ոլորտում, (բ) քաղաքական ոլորտում»,
ստացվել են հետևյալ արդյունքները: Որպես Հայաստանի առավել կարևոր տնտեսական գործընկեր
նշվել են. Ռուսաստանի Դաշնություն` 85.0%, Եվրոպական Միությունը` 4.9%, ԱՄՆ-ը`
3.4%, Իրանը` 1.3%, Թուրքիան` 0.7%, այլ երկների նշումները` 4.7%: Որպես Հայաստանի
առավել կարևոր քաղաքական գործընկեր նշվել են. Ռուսաստանի Դաշնությունը` 86.8%, Եվրոպական
Միությունը` 5.2%, ԱՄՆ-ը` 2.9%, Իրանը` 0.9%, Թուրքիան` 0.5%, այլ երկների նշումներ`
3.7%:
ՀՌԿԿ-ն ամերիկյան «Եվրասիա» հիմնադրամի ծրագիր է, որը ֆինանսավորվում
է Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի կողմից: Նշենք, որ հայտնի չէ եվրոպական կամ ամերիկյան
կազմակերպությունների կամ նրանց ֆինանսավորմամբ կատարված որևէ սոցիոլոգիական հետազոտություն,
որում ստացված լինեն հակառակ արդյունքներ:
Իր հրապարակման
մեջ Ի. Մուրդյանը եզրակացություն է կատարում այդ 85% մարդկանց մասին. «Երեւում է, դա նշանակում է, որ հայերն արդեն պետք
է պաշտոնապես ճանաչվեն երկրորդ կամ երրորդ սորտի մարդիկ նույն այդ կողմնորոշման շրջանակներում»: Ս. Կուրղինյանի հետ
հանդիպման ընթացքում Մուրադյանն շատ ավելի կոպիտ էր արտահայտվել այդ 85%-ի մասին (https://www.youtube.com/watch?v=52MhFERcG3Y):
Ըստ Ի. Մուրադյանի. «Հայաստանի
բնակչությունը քվեարկել է ինչպես ասես եւ ում համար ասես, առավել հաճախ՝ ցանկացած սրիկայի
օգտին, որին կառաջարկեն, ընդ որում՝ քվեարկել են անկեղծ եւ էնտուզիազմով, կարող են
այդ կողմնորոշման օգտին էլ քվեարկել:»
Նախ հիշենք, որ
ժամանակին Հայաստանի ժողովուրդը քվեարկել է նաև Ի. Մուրադյանի օգտին: Սակայն, պատկերացում
կազմելու համար, թե ինչու՞ և ինչպե՞ս է ընտրում ժողովուրդը, նախ պետք է տեղյակ լինել
է, թե ի՞նչ է մտածում ժողովուրդը նրանց մասին, ում ընտրում է: Հայաստանի հասարակության
կարծիքը Հայաստանի վերնախավերի նկատմամբ նկարագրում են սոցիոլոգիական հետազոտությունների
հետևյալ արդյունքները: «Կուսակցությունները սպասարկում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց
ղեկավարների շահերը» դրույթի հետ համաձայն է եղել Հայաստանի չափահաս բնակչության
89.5%-ը, «Մեծահարուստները բարերարություն են անում ժողովրդին ընտրություններում
հաղթելու համար»` համաձայն է 88.9%-ը, «Հայաստանի ամենահարուստ մարդիկ խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը և ժողովրդի
բարեկեցության աճին»` համաձայն է 82.4%-ը, «Պետական պաշտոնյաները նախ մտածում են ժողովրդի
մասին, հետո նոր` իրենց շահերի մասին` համաձայն է 14.6%-ը (http://gov.am/u_files/file/presentations/IPSC_QLI-2011_Report_Final_%252020_03_2012.pdf էջ 82): Բերված արդյունքների մեկնաբանության
առանձնակի կարիք չկա:
Չնայած դրան բնակչության
մոտ 65%-ը մասնակցում է ընտրություններին: Ինչու՞: Նախ` ժողովրդի մեկ երրորդը չի մասնակցում
ընտրությունների` որովհետև չկան կուսկացություններ և քաղաքական գործիչներ, ովքեր արտահայտում
են իրենց շահերը: Մնացածներն ընտրում են առկա քաղաքական ուժերից և գործիչներից: Մի
մասը, չի վստահում կուսակցություններին, սակայն կարևորում է կայունությունը և համարում
է, որ իշխանության փոփոխությունը ավելի շուտ վիճակը կվատթարացնի և գնում է ընտրությունների`
քվեարկելու կայունության օգտին: Մի ուրիշ հատվածը, գիտակցելով, որ քաղաքականությունը
նույնպես շուկա է, համարում է, որ այդ շուկայում առևտուրը միայն կուսակցությունների
մենաշնորհը չէ, գիտի նաև, որ չարժե վստահել կուսակցություններին և քաղաքական գործիչներին,
ինչի հետևանքով քաղաքական խոստումները գերադասում է ստանալ կանխավ և կանխիկ: Մեկ այլ
փոքր հատված անկեղծորեն ընտրում է իշխանություններին, երկրորդ փոքր հատվածն, այնուամենայնիվ,
իր հույսերը կապում է ընդդիմադիր այս կամ այն կուսակցության հետ:
Ի. Մուրադյանն իր
հստակ պատկերացումն ունի պրո-ռուսական կողմնորոշում չունեցողների վերաբերյալ. «Սակայն, մնում է 15 տոկոսի հարցը, որոնք երեւում
է պրոռուսական կողմնորոշում չունեն: Նրանք այն մարդիկ են, ովքեր պաշտպանել են մեր հայրենիքը,
փորձել են դիմադրել ռուսական բանակին Ղարաբաղում, պատժիչ արշավների ժամանակ: Երեւում
է, այդ 15 տոկոսին ստիպված կլինեն գնդակահարել, այլ ելք չկա:»
Երբ որևէ հարցի
վերաբերյալ մարդկանց կարծիքները բաժանվում են երկու հատվածի, ապա առողջ բանականությունը
հուշում է, որ այդ հատվածներում կան տարբեր տարիքի, սեռի և այլ բնութագրերով միմյանցից
տարբերվող անձինք: Դիտենք, թե ովքե՞ր են այդ 15 % (ավելի ճիշտ` 17.9%):
Ակնհայտ է, որ այսօր`
ժամանակին ռուսական բանակին դիմադրած մարդիկ, մեծամասամբ 35-ից բարձր տարիքով տղամարդիկ
են: Այն 17.9% մարդկանց շրջանում, ովքեր կգերադասեին, որպեսզի Հայաստանը միավորվի Եվրոպական
Միության հետ, 35-ից բարձր տարիքի տղամարդիկ
կազմում են 3.3% (տես` Աղյուսակ 1): Մնացածը
կամ` ավելի երիտասարդ են, կամ` կանայք են: Եթե ենթադրենք, որ ռուսական բանակին դիմադրել
են նաև կանայք` տղամարդկանց համեմատ, օրինակ, 1:10 հարաբերությամբ, ապա այդ մարդկանց
ընդհանուր քանակը կհասնի առավելագույնը 3.7%-ի: Ընդ որում, հիմքեր չկան պնդելու, որ
այդ 3.7%-ը մասնակցել են ռուսական բանակի հետ ընդհարումներին, նրանք կարող էին մասնակցած
լինել, իսկ գուցե և չեն մասնակցել: Սակայն, մնացած 14.2%-ը հաստատ չեն մասնակցել:
Աղյուսակ 1 | «Գերադասելի է, որ Հայաստանը ավելի շուտ միավորվի Ռուսաստանի, քան` Եվրոպայի հետ:» | |||||
Համաձայն չեմ | Համաձայն եմ | |||||
Տարիք | Իգական | Արական | Ընդ. | Իգական | Արական | Ընդ. |
18-34 | 5.2% | 4.7% | 9.9% | 15.2% | 16.9% | 32.1% |
35-ից | 4.7% | 3.3% | 8.0% | 26.7% | 23.3% | 50.0% |
Ընդամենը 44 | 9.9% | 8.0% | 17.9% | 41.9% | 40.3% | 82.1% |
Մյուս կողմից, պրո-եվրոպական կողմնորոշում ունեցողների
շարքում, պրո ռուսական կողմնորոշում ունեցողների համատ, ավելի մեծ տոկոս են կազմում
բարեկեցիկ, բարձրագույն կրթությամբ երիտասարդները (տես` Աղյուսակ 2), այսինքն նրանք,
ովքեր ավելի մեծ շանսեր ունեն իրենց տեղը գտնել Եվրոպայում: Այս մարդկանց շրջանում,
Հայաստանի ամբողջ բնակչության համեմատ, ավելի գերակա են արդի Եվրոպայի բարձրագույն
արժեքները` մարդու կյանքը, անհատի իրավունքները և այլն: Այդ երիտասարդներն իրոք անհրաժեշտ
են Եվրոպային և´ որպես երիտասարդ ուղեղներ, և´ նպաստելու համար Եվրոպայի ժողովրդագրական
խնդիրների լուծմանը: Նրանց համար Եվրոպան բաց է արդեն այսօր` նույնիսկ առանց Ասոցացման պայմանագրի: Այդ պատճառով Մուրադյանը կարող է չհուզվել` այդ 15%-ին
ոչ ոք չի գնդակահարի:
Աղյուսակ 2. | Գերադասելի է, որ Հայաստանը ավելի շուտ միավորվի Ռուսաստանի, քան` Եվրոպայի հետ: | |
Համաձայն չեմ (եվրոպական դիրքորոշում) | Համաձայն եմ (ռուսական դիրքորոշում) | |
18-34 տարեկանների քանակը
| 55.3% | 39.1% |
Բարձրագույն կամ ավելի կրթությամբ անձանց քանակը | 43.2% | 22.6% |
Բնակչութան ամենահարուստ 33%-ին պատկանող անձանց քանակը | 43.2% | 30.1% |
Ի. Մուրդայանի խոսքերի
համատեքստում, անշուշտ, անհրաժեշտ է անդրադառնալ ազատամարտիկների և ռուսական (խորհրդային)
բանակի առճակատման հարցին: Նրանք, ովքեր տեղյակ են և խորհել են 1988-1994թթ.
իրադարձությունների մասին, հիշում են, որ 1988թ. մայիսին ՀՀՇ-ն խլեց Ղարաբաղյան շարջման առաջնորդի դերը:
ՀՀՇ առաջնորդների խումբն իմաստափոխեց հայկական ազգային-ազատագրական շարժումը, շարժման
հիմնական նպատակ հայտարարեց ԽՍՀՄ կազմալուծումը, իսկ ռուսատյացությունը դարձրեց դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը: Հետո,
1991-1997թթ. ընթացքում, արդեն պետությունը գլխավորող այդ խումբը, փորձ կատարեց ձերբազատվել
Ղարաբաղյան խնդրից, որն իբր խանգարում էր Հայաստանի զարգացմանը, ինչի արդյունքում կորցրեց
իշխանությունը:
Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներն ու առաջնորդները
հարցի լուծումը դիտում էին ԽՍՀՄ շրջանակներում` խուսափելով ԽՍՀՄ պատժիչ մեքենան ազգային-ազատագրական
շարժման նպատակների դեմ ուղղորդումից, իսկ ՀՀՇ-ն գլխավորող խմբի համար, ինչպես ցույց
տվեց ժամանակը, հիմնական նպատակ էր ԽՍՀՄ կործանումը, այլ ոչ թե Ղարաբաղի վերամիավորումը
Հայաստանին կամ անկախությունն Ադրբեջանից: Խումբը, որպես դաշնակից հայտարարեց մերձբալթյան
անջատողական շարժումները և սկսեց «կարմիր լաթ» թափահարել ԽՍՀՄ ղեկավարության առջև:
Նույն այդ ժամանակ Ադրբեջանը` կոմունիստ Մութալիբովի ղեկավարությամբ, ներկայանում էր
որպես ԽՍՀՄ պահպանման կողմնակից:
Այսպիսով, ՀՀՇ-ն առաջնորդող խմբի պորովոկացիոն-ավանտյուրիստական քաղաքականության արդյունքում էր, որ տեղի ունեցավ հայ ազատամարտիկների առճակատումը ռուսական բանակի
հետ: Հայ ազատամարտիկները` կատարելով իրենց կամովի ստանձնած պարտականությունը, կկռվեին ցանկացածի դեմ, ով զենքով կմտներ հայկական
հող` դա է ազատամարտիկի էությունը: Ընդ որում,
ազատամարտիկների շարքերում էին և´ տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշումներ ունեցող,
և´ ընդհանրապես այդպիսի կողմնորոշում չունեցող, և´ ամենատարբեր կուսակցությունների
ու շարժումների անդամ, և´ որևէ կուսակցության կամ շարժման չանդամակցող ու չհարող մարդիկ: Նրանք բոլորն են հերոսներ:
Այս համատեքստում նրանք, ովքեր իրենց համարում են ռազմավարական
մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչներ, քաղաքագետներ կամ մտավորականներ պետք է ընկալեն,
որ ազգի ռազմիկ տարրին «կարմիրների» ու «սպիտակների» բաժանումը ակնհայտ սպառնալիք է
Հայաստանի ազգային անվտանգությանը: Ուրեմն, պետք է խստապահանջ լինել հրապարակային խոսքում
և խուսափել անխոհեմ արտահայտություններից: Այսօր պետք է դասեր քաղել 1989-1992թթ իրադարձություններից,
խուսափելու համար հնարավոր նոր պրովոկացիաներից և ավանտյուրաներից:
Հրապարակման մեջ Ի. Մուրադյանը փորձել է «խորամանկ»
հարց ձևակերպել.
«Սակայն, սկզբի համար լավ կլիներ արտաքին քաղաքական կողմնորոշման
հարցով անցկացնել պլեբիսցիտ Թաթարստանում, Բաշկորտոստանում, Դաղստանում եւ Չեչնիայում:»
Գոյություն ունեն
հասարակության արտաքին կողմնորոշման վեր հանման ստանդարտ հարցեր, որոնցից մեկը, Ռուսաստանի
համար կարող է ձևակերպվել հետևյալ կերպ. «Ո՞ր երկրների հետ է գերադասելի, որպեսզի Ռուսաստանն առաջնահերթ
զարգացնի իր հարաբերությունները»: Արդյունքում կստացվի երկրների ավելի մեծ և հավասարակշռված
ցանկ, քան Հայաստանում, որում կլինեն ԱՊՀ երկրները, ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Չինաստանը, Ճապոնիան,
Բրազիլիան, Թուրքիան, Իրանը և այլն: Իսկ եթե
Ի. Մուրադյանը մտադիր էր գնահատել ՌԴ այդ սուբյեկտներում անջատողականության պոտենցիալը,
ապա նրա հարցն ակնհայտորեն անհամապատասխան
է: Այստեղ ոչ թե հրապարակախոսական պաթոս է
անհրաժեշտ, այլ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական գիտելիքներ:
Իր հրապարակման վերջում Մուրադյանը «օրինական»
հարց է բարձրացնում. «Ի դեպ, լավ կլիներ պարզել նրանց անունները,
ովքեր իբր հարցում են արել եւ ստացել այդ 85 տոկոսը:»
Հետազոտությունն իրականացրել է Սամվել Մանուկյանը: Ս.
Կուրղինյանի հետ հանդիպման ընթացքում
Ի.
Մուրադյանը տեղեկացել է այդ մասին և
երկխոսություն
է ունեցել Ս. Մանուկյանի հետ:
Ի դեպ`
Ի. Մուրադյանը և Ս. Մանուկյանը սերտ համագործակցել են 1994-1998թթ. ընթացքում: Նրանք
ունեն երկու համատեղ հրապարակում. Мурадян И.М., Манукян С.А., Иран и евразийская идея. Ось Москва-Тегеран. - Ер.: «Фонд Высоких Технологий», 1997 – 102 ст. և Мурадян И.М., Манукян С.А., Третий путь евразийских наций
и ирано-шиитская революция. – Ер.: «Фонд Высоких технологий», 1997. - 246 ст.: Այս հրապարակումներում հիմնական հեղինակը` Ի. Մուրադյանը քննարկում է և դրական է գնահատում Ռուսաստան – Իրան առանցքի գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքական նշանակությունը որպես Արևմուտի վտանգավոր և այլասերող ազդեցության հակակշիռ: Նա դրական է գնահատում այդ առանցքի նշանակությունը Հայաստանի համար և զարգացնում է այդ աշխարհաքաղաքական կառուցվածքում Հայաստանի դերի բարձրացման խնդիրները:
Իր հրապարակման վերջում Մուրադյանը անձնական վիրավորանքներ է հղում իմ հասցեին և հարց է տալիս. «Սոցիոլոգներ», որքա՞ն եք վերցնում ամեն տոկոսի համար:» Այդ առիթով նշենք, որ ամեն ինչի հիմքում ստվերային գործարք փնտրելը հատկանշական է մանր վաճառականների դասին, իսկ անձնական վիրավորանքների կիրառումը փաստարկների բացակայության հետևանք է:
Սամվել Մանուկյան, սոց. գ. թ., Հայաստանի Քաղաքագետների Միության Վարչության անդամ