Ադրբեջանական քարոզչամեքենան ձգտում է ամենակեղտոտ միջոցներով սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, առավելագույնս վատթարացնել մեր հարաբերությունները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Չնայած այն ամենին, որ սպանությունից 5 օր է անցել`մինչ օրս խելամիտ պատասպան չի տրվել, թե ինչն է ստիպել Վալերի Պերմյակովին այս սահմռկելի ոճրագործությանը դիմել: Հանցագործը շարունակում է գտնվել 102-րդ ռազմաբազայի տնօրինության տակ, իսկ գյումրեցիները պահանջում են հանձնել նրան հայկական արդարադատությանը:
ՙԱյն, որ Գյումրիի ողբերգությունը քաղաքական նպատակներով այդքան բացահայտ շահարկումների առիթ է հանդիսացել, իհարկե, մեծ ափսոսանք է հարուցում: Սակայն, շատերը Բաքվում, ըստ երևույթին, ակնկալում են այդ ողբերգությունը շահարկելու միջոցով հասնել Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերմանը, պայմաններ ստեղծել ռազմական ռևանշի համար՚,- նշել է Կռիլովը:
Ըստ որում, քաղաքագետը դժվարացել է բացատրել ակտիվիստների գործողությունները Հայաստանում, ովքեր ամեն բան անում են կրքերը բորբոքելու համար, պահանջում ռուսական ռազմաբազայի դուրբերում`հափշտակվածությամբ տրորելով ռուսական դրոշը: ՙԵթե նրանք հասնեն բաղձալի նպատակին և իրենց համար ատելի կայսերական սապոգը հեռանա Հայաստանից, երկիրն իսկույն կհայտնվի դրախտային Եվրոպայում`ՆԱՏՕ-ի հովանու ներքո՞, կամ 100-ամյա վաղեմության իրադրությունը հիշեցնող բարդ իրավիճակու՞մ՚,- հարց է տվել նա:
ՙԱյս առումով հայ ոստիկաններին և ռուսական ներկայացուցչություններին քարկոծելուց առաջ հարկավոր է մտածել սրա շուրջը: Կարելի՞ է արդյոք Հայաստանի հայրենասերներ համարել այն գործիչներին, ովքեր Գյումրիի ողբերգությունն օգտագործում են կրքեր բորբոքելու համար և նոր զոհերի ու ողբերգությունների հանգեցնում գործը: Հուսով եմ, որ նրանց մտադրությունները աջակցություն չեն գտնի Հայաստանի քաղաքացիների մեծ մասի կողմից՚,- ամփոփել է Կռիլովը: