Անկարան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուին՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, հայտնում է Հյուրիեթը: Թերթի համաձայն, Քարսլըօղլուն Բեռլինի ժամանակով 14:45-ին արդեն մեկնում է Ստամբուլ:
Գերմանիայի Բունդեսթագն այսօր կայացած քննարկումների արդյունքում գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ևս մեկը՝ ձեռնպահ է մնացել: Բանաձևում ընդունվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար:
Նշենք, որ այսօր Բունդեսթագում լսումներին ներկա են գտնվել Հայաստանի և Թուրքիայի դեսպանները: Սակայն, քննարկումներին ներկա չեն եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Կառավարության փոխխոսնակ Քրիստիան Վիրցը հայտնել է, որ Անգելա Մերկելը սատարում է բանաձևին և պրոբացիոն քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել դրան:
Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով արդեն նախազգուշացրել է Բեռլինին թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: