Երևանը չպետք է վերսկսի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները, քանի դեռ ԼՂՀ չի վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ: Հունիսի 2-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:
Նրա ասելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի ատրգործնախարարների հանդիպումները հարկավոր է դիտարկել բանակցային գործընթացից դուրս, քանզի ակնհայտ է, որ դրանց ձևաչափն էապես տարբերվում է միբնչև ապրիլյան պատերազմը տեղի ունեցած հանդիպումներից և բանակցություններից:
«Հենց այն փաստը, որ նախարարները չեն հանդիպելու, վկայում է որոշ փոփոխությունների մասին, և, հնարավոր է, դիրքորոշումներն ավելի կոշտացել են», - նշել է նա, հավելելով, որ Երևանը պետք է շարունակի պահանջել շփման գծում դիտարկման մեխանիզմների ստեղծում, Բաքվի ապրիլյան ագրեսիային համարժեք գնահատական և Արցախի վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ: Հակառակ դեպքում, կրկին կլինի լճացման գործընթաց բանակցություններում, որոնք ապարդյուն կլինեն` ինչպես նախկինում: Իսկ դիտարկման մեխանիզմների ստեղծումը կօգնի բացառել կամ էապես նվազեցնել միջադեպերի թիվը, քանի որ հայտնի կլինի խախտող կողմը», - ընդգծել է նա:
Ընդ որում քաղաքագետը մտահոգույթուն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ինչպես նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, ինչպես նաև հայ փորձագետներն ու քաղաքական գործիչները դադարել են պատերազմ անվանել ապրիլյան իրադարձությունները: «Ըստ երևույթին, արտաքին ուժերը ճնշում են գործադրում, որպեսզի իրերն իրենց անուններով չկոչվեն, քանի որ դա կօգնի նվազեցնել կատարվածի կարևորությունը, և Բաքվին թույլ կտա խուսափել պատասխանատվությունից, սակայն անհասկանալի է, թե Երևանն ինչու է նրանց ընդառաջում», - ընդգծել է նա:
Մայիսի 31-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի արտգոերծնախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հունիսի 2-ին հանդիպում կանցկացնեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Իսկ հունիսի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանապագահ Ջեյմս Ուորլիքը «Թուիթերի» իր միկրոբլոգում գրել էր. «Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունիսի հանդիպմանը»: Մինչդեռ երկու երկրների ղեկավարներից այդ առնչությամբ ոչ մի մեկնաբանություն չի ստացվել: