Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ակունքներում երեք պատճառ կա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ըդնունվել է, գործնականում, միաձայն` մեկ դեմ և մեկ ձեռնպահ: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար: Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով Բեռլինին նախազգուշացրել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: Անկարան նաև հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից:
«Դրանցից առաջինը Թուրքիայի նախագահի «միգրանտային շանտաժին» պատասխանելու Բեռլինի ցանկությունն է: Դա, մի տեսակ, նախազգուշական կրակոց է, որը վկայում է, որ Գերմանիայի համար անընդունելի է շանտաժը` որպես քաղաքական բանավեճի եղանակ: Երկրորդ պատճառը, որը Բունդեսթագին դրդեց ընդունել այդ բանաձևը, Գերմանաբնակ թուրքերի նկրտումները զսպելն է: Վերջին տարիներին Գերմանիայի այդ քաղաքացիներն սկսել են դրսևորել փոքր-ինչ բարձր ձգտումներ, ինչը, դատելով ըստ ամենայնի, Բեռլինում անթույլատրելի են համարում», - նշել է նա:
Գերմանիայի կողմից այդ որոշման կայացման գործում թուրքագետը պակաս դեր չի վերապահում հումանիտար-բարոյական բաղադրիչին: Նրա կարծիքով, հենց Թուրքիայում 100 տարի առաջ կատարված վայրագությունների համար մեղքի սեփական բաժինը խոստովանելու ձգտումը փոքր դեր չի խաղացել այդ բանաձևին «այո» ասելու որոշ գերմանացի պատգամավորների որոշման համար:
«Ընդ որում, ես ամենևին հակված չեմ կիսելու այն էյֆորիան, որը համակել է մեր հաաասարակությանն այս ճանաչման առնչությամբ: Անկասկած, դա դրական քայլ է Հայաստանի համար, նաև կասկած չկա, որ Բունդեսթագի բանաձևը նշանակում է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում պետական մակարդակով: Սակայն ես զուգահեռներ չէի անցկացնի այդ բանաձևի և Գերմանիայի կողմից Հոլոքոստի ճանաչման միջև, հաշվի առնելով տվյալ փաստաթղթում մի շարք համապատասխան կետերի բացակայությունը, օրինակ` հետաագա ռեպարացիաների մասին», - ամփոփել է Մելքոնյանը: