Հայոց
ցեղասպանության հարցն արևմտյան տերությունների ձեռքին գործիք է դարձել ինչպես այլ
երկրների նկատմամբ ճնշում գործադրելու, այնպես էլ հայկական սփյուռքն իրենց կողմը
գրավելու համար: Հունվարի 29-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել
քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Թուրքիա
չափազանց կարևոր իրադարձություն է ինչպես
տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի համար, սակայն, դժբախտաբար, Հայոց
ցեղասպանության հարցը գործիք է դարձել միջպետական հարաբերություններ պարզելու
համար», - նշել է փորձագետը:
Նա կարծում է, որ Եվրոպան պաշտոնական Անկարայի նկատմամբ
ընդհանուր դիրքորոշում չունի, եվրոպական յուրաքանչյուր երկիր քաղաքականություն է
վարում` ելնելով սեփական երկրի շահերից: Ընդ որում Մեհրաբյանն ավելացրել է, որ
Արևմուտքի հետ Թուրքիայի մերձեցումը բխում է Հայաստանի շահերից:
Ավելացնենք, որ Թուրքիա իր այցի առաջին օրը Ֆրանսիայի
նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել «1915
թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանության» փաստի
հերքումը: Ավելին, հինգերորդ հանրապետւոթյան նախագահը հայտարարել է, որ Ֆրանսիան
անպատճառ կկատարի պարտավորությունները և «կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը
քրեականացնելու մասին օրենք»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախորդ նախագահի օրոք, 2012
թվականին այդ երկրի խորհրդարանն օրենք էր ընդունել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնելու
վերաբերյալ, սակայն հանրապետության սահմանադրական խորհուրդն այն չեղյալ հայտարարեց`
«խոսքի և կարծիք արտահայտելու ազատության դրույթին հակասելու» պատճառաբանությամբ: Այն ժամանակ Սարկոզին
հայտարարեց, որ կառավարությանը կհանձնարարի մշակել օրենքի նոր նախագիծ, որը չի
հակասի Ֆրանսիայի սահմանադրությանը: Այդ գաղափարը հետագայում պաշտպանեց Ֆրանսիայի
գործող նախագահը: