Քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե որքան վտանգավոր է ղարաբաղյան հակամարտությունը՝ ինչպես անմիջապես դրանում ներգրաված ժողովուրդների, այնպես էլ՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար: Այդ մասին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ՙՄենք հանդես ենք գալիս խաղաղ բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին: Կարգավորման հիմքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը պետք է լինի: Հակամարտության խաղաղ կարգավորումն անհնար է առանց Արցախի ժողովրդի կողմից ազատ կամարտահայտման միջոցով սեփական ճակատագրի որոշման՚,- նշել է նա: Ըստ որում, Զուրաբյանն ավելացրել է, որ կարգավորման ցանկացած փուլում պետք է ապահովվեն արցախցիների անվտանգության հուսալի երաշխիքներ: Նրա խոսքով, Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններն անվտանգության համակարգի կարևոր տարր են, որի գործառույթներից մեկը հակամարտության էսկալացիայի կանխումն է: ՙԱպրիլյան պատերազմն ի հայտ բերեց լուրջ խնդիրներ: Ակնհայտ է, որ արդյունավետ չի գործում հետախուզական տվյալների փոխանակումը, չկա կարգավորված ռազմատեխնիկական և փորձագիտական համագործակցություն, հատկապես՝ Հայաստանի զինված ուժերի կողմից բարձր տեխնոլոգիական սպառազինության յուրացման բնագավառում, և որ Ադրբեջանին ռուսական սպառազինության շարունակվող վաճառքը հանգեցնում է հավասարակշռության լուրջ խախտման՚,- նշել է նա: