Օրերս կոռուպցիայի և կաշառակերության համար ձերբակալված ՊՆ սպաները կոռուպցիայի մեջ ներգրավել են ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ ավելի վերևների պահանջներին համապատասխան: Այդ մասին ասվում է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության տարածած հայտարարությունում:
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը հիշեցնում է, որ իրենք իշխանություններից պահանջել էին նաև բանակի գլխավոր պատասխանատուների՝ ՊՆ նախարար Օհանյանի, Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի և նրա տեղակալ Բաղմանյանի հրաժարականները, որպեսզի համակարգում տարիներ շարունակ խորացող կոռուպցիայի դեմ իրական պայքար տարվի, և ոչ թե աճող սպառնալիքներին համարժեք քայլերի փոխարեն բուռն գործունեության տպավորություն ստեղծվի` հասարակական կարծիքի վրա ազդելու միջոցով։ «Մենք պահանջ չէինք դրել երկրորդ էշելոնի ՊՆ պաշտոնյաների մասով, քանի որ չէինք տիրապետում բավար չափով տեղեկությունների նրանց գործունեության մասին։ Բացի այդ մտավախություն կար, որ մեր պահանջները կլինեն բանակի կազմաքանդման պատճառ։ Ուստի սահմանափակ պատիժը պետք է, որ սթափեցնող արդյունք ունենար, առանց բանակը ապակայունացնելու», - նշված է հայտարարությունում, որի հեղինակների համոզմամբ, իշխանությունները, ակնհայտորեն, թողած գլխավորներին, պատժում են երկրորդական դերակատարներին, և այդ մեխանիզմը շանտաժի գործիք կարող է հանդիսանալ ազնիվ և ըմբոստ սպաներին պատժելու և վախի մթնոլորտում նրանց ենթարկեցնելու համար։
«Հաշվի առնելով, որ իշխանությունները արհամարհել են մեր նախկին պահանջները, հարկ չենք համարում կրկին դիմել իրենց, բայց կցանկանայինք դիմել հանրությանը, որ ուշադրություն դարձնեն այս հանգամանքների վրա և գնահատեն իշխանության կողմից իրականացվող քայլերը, որպես քարոզչական գլուխ հարդուկոցի և միգուցե նաև բանակի կազմաքանդման և դրանով Ադրբեջանին տարածքային նոր զիջումների, նոր զոհերի և այլ կորուստների համար նախապատրաստական դավադիր գործունեություն», - ասվում է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության հայտարարությունում։
Նշենք, որ օրերս կոռուպցիայի և կաշառակերության համար ՊՆ մի քանի բարձրաստիճան սպա է ձերբակալվել: