Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին ժողովրդավարության դասեր տալու բռնապետ Իլհամ Ալիևի փորձերը ծիծաղելի են և անհեթեթ, գտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՙԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ ընդունված բանաձևը կեղծիքի վրա հիմնված սադրանք է, և պաշտոնական Բաքուն չի ընդունում այն:
Փաստորեն ստացվում է, որ ավտորիտար պետության առաջնորդ, բռնապետ Ալիևը ժողովրդավարական երկրի պատգամավորներին մեղադրում է կեղծիքի և սադրանքների մեջ, ինչ ծիծաղելի է: Նման հայտարարություններով Ալիևն անհեթեթ դրության մեջ է դնում իրեն: Եվ դա Գերմանիա նախատեսված այցի նախաշեմին՚,- հայտարարել է Շարմազանովն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում:
Փոխխոսնակը նշել է նաև, որ Ալիևը Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Ադրբեջանը նույնպես բախվել է Գերմանիայի կանխակալ քաղաքականությանը, ՙերբ 2015 թ. հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանն Ադրբեջանի դեմ ընդունեց անարդար, կեղծիքի վրա հիմնված բանաձև՚, ըստ որի՝ Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքները: Շարմազանովը գտնում է, որ Ալիևն օգտվում է առիթից և նման կերպ փորձում իր դժգոհություն հայտնել Գերմանիայից:
ՙԾիծաղելի է, երբ երկու ավտորիտար պետությունների առաջնորդները՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում են ժողովրդավարության մասին: Դա նույնն է, թե նստացնել Ստալինին և Հիտլերին ու ստիպել նրանց խոսել ժողովրդավարության մասին: Կարծում եմ, որ այս ամենից հետո գերմնացի բարեկամ ժողովուրդը կհասկանա, թե ինչպիսի հարևաններով է շրջապատված հայ ժողովուրդը՚, -նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովն անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, որ ՙԱդրբեջանի բարեկամը մեր բարեկամն է, Ադրբեջանի թշնամին՝ մեր թշնամին՚, և ընդգծել, որ դա հերթական անգամ վկայում է, որ Բաքուն և Անկարան առաջնորդվում են են մեկ պաշտոնական գաղափարախոսությամբ՝ պանթյուրքիզմով:
Նշենք, որ հունիսի 3-ին Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. ՙԱդրբեջանը դատապարտում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից՝ կեղծիքի հիման վրա ընդունված բանաձևը: Ադրբեջանը Թուրքիայի կողմից է: Այդ անարդար գործողությունները երկակի ստանդարտների ցուցաբերում և պատմության խեղաթյուրում են: Մենք չենք կարող հանդուրժել դա և չենք հանդուրժի: Բունդեսթագի որոշումը քաղաքական պատվեր է: Նման քայլերով փորձ է արվում ինչ-որ բան պարտադրել Թուրքիային, ազդել վերջինիս անկախ քաղաքականության վրա: Հայկական հարցը միայն պատրվակ է, որը գործիք է դարձել մեծ պետությունների ձեռքում: Ադրբեջանը բախվել է նման իրավիճակի: Անցած տարվա հունիսի 12-ին Գերմանիայի խորհրդարանն Ադրբեջանի դեմ ընդունեց անարդար, կեղծիքի վրա հիմնված բանաձև, ըստ որի՝ Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքները: Դա ճիշտ չէ: Ադրբեջանում զարգանում է ժողովրդավարությունը, ապահովված է ինտերնետից օգտվելու ազատությունը: Նրանք, ովքեր Ադրբեջանի և Թուրքիայի դեմ նման բանաձևեր են ընդունում, պատմական և քաղաքական մեծ սխալ են գործում՚,- ասել է Ալիևը: