Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոռուպցիայի, կաշառակերության և մենաշնորհների դեմ պայքարի առնչությամբ կառավարությունում անցկացված խորհդրակցությունների և քննարկումների արդյունքում հանգել է եզրակացության, որ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման ոլորտում մենաշնորհներ չկան: Այդ մասին նա հայտարարել է կառավարության այսօրվա նիստում:
Խոսքը վերաբերում է կարագի, ալյուրի, բրնձի, հնդկաձավարի, բանանի, նարնջի, մարգարինի, մանկական սննդի, թռչնամսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներին: Վարչապեպտի ասելով, թեև նշված ապրանքների շուկաները ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ, ինչի պատճառն այդ շուկաներում առկա կենտրոնացվածության բարձր աստիճանն է: Վարպատեի համոզմամբ, դա բերում է այնպիսի ռիսկերի, ինչպիսիք են մրցակցության խաթարումը, փոքր և միջին ձեռնարկատերերի շուկայից դուրս մղումը և նորերի մուտքի սահմանափակումը, սպառողների շահերի ոտնահարումը, կոռուպցիան, գների անհիմն տատանումները և, ի վերջո, երկրում համախառն տնտեսական վնասի առաջացումը: «Այս իրավիճակին պետք է վերջ դնել և պետք է սկսել կարևոր ապրանքային շուկաներից», - հայտարարել է Աբրահամյանը:
Նա էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարել է սեղմ ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ` ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ: Դրանք պետք է ընդգրկեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, փորձաքննությունները, սերտիֆիկատները, վճարումները: Ողջ այդ տեղեկատվությունը պետք է զետեղվի Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի պաշտոնական կայքերում:
«Կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմանների ապահովումը, իսկ յուրաքանչյուր չհիմնավորված շեղում պետք է դառնա ծառայողական քննության առարկա», - ասել է վարչապետը: Նա Էկոնոմիկայի նախարարությանը և ՊԵԿ-ին հանձնարարել է մշակել խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելն արգելելու մեխանիզմներ: «Այդ պարագայում խոշոր տնտեսվարողը մեծածախ վաճառքը պետք է իրականացնի միայն պետականորեն հսկվող էլեկտրոնային հարթակի միջոցով», - ասել է վարչապետը:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնին նա հանձնարարել է երկամսյա ժամկետում մանրակրկիտ ուսումնասիրել ներմուծմանն առնչվող ընթացակարգերը և ներկայացնել առաջարկություններ դրանց հնարավոր պարզեցման ուղղությամբ, նվազագույնի հասցնել սերտիֆիկատների տրամադրման համար ներկայացվող պահանջները: Այդ խնդիրների ընթացիկ վերահսկողությունն իրականացնելու է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: