Համանախագահների հիմնական նպատակն է էլ ավելի զարգացնել Վիեննայում ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև սկսել համակողմանի հաշտության համաձայնագրի շուրջ բանակցություններ: ԸՍՏ ԱՊԱ-ի` այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները:
Ամերիկացի դիվանագետը նշել է, որ այդ նպատակով միջնորդները մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի արտգոերծնախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ հունիսի 2-ին հանդիպում կանցկացնեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանում Եվրամիության առաքելության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվ աշխատանք են տանում նախագահների հերթական հանդիպում անցկացնելու համար:
«Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Վիեննայի հանդիպման անցկացումը և հնարավոր հաջորդ հանդիպումը չափազանց դրական ցուցանիշ է: Մենք շատ ուրախ ենք, որ նման քայլեր են ձեռնարկվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Եվրամիությունը ողջունում է նման հանդիպումների անցկացումը», - եզրափակել է Մարդը:
Նշենք, որ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանապագահ Ջեյմս Ուորլիքը «Թուիթերի» իր միկրոբլոգում գրել էր. «Մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունիսի հանդիպմանը»: Մինչդեռ երկու երկրների ղեկավարներից այդ առնչությամբ ոչ մի մեկնաբանություն չի ստացվել: