Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունել: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի ՙՀայ դատի՚ հանձնախմբի պաշտոնական կայքը:
ՙՄիջազգային հանրությունը շարունակում է դատապարտել Ադրբեջանի գործողությունները, որը վերջերս հերթական ագրեսան է իրականացրել Հայաստանի և ԼՂՀ դեմ, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի միջոցով պատերազմ է հայտարարել Հայաստանին՚,- նշվում է կայքում:
Այս առնչությամբ Ավստրալիայի ՙՀայ դատի՚ հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանը, համագործակցելով Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի անդամների հետ, նրանց է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին գործընթացները և լարվածության սրացումն Ադրբեջանի կողմից:
Նշենք, որ Նոր Հարավային Ուելսը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել է 2012 թ. հոկտեմբերին: