2016 բյուջեի ծախսերի մասի 20%-ը, որը հավասար է 1 տրլն 373,7 մլրդ դրամի, նախատեսված է ուղղորդել պետական ապարատի կարիքների սպասարկմանը: Դա արդարացված չէ, և դրան հարկավոր է վերջ դնել: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով միջոցները խնայելու անհրաժեշտության վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը:
Նրա ասելով, այն մարդիկ, ովքեր մանուկ հասակում «սամոկատի» մասին էին երազում, այսօր երթևեկում են շքեղ ծառայողական մեքենաներով: «Եվ ոչ միայն նրանք, այլև նրանց ընտանիքներն են օգտվում զբաղեցրած պաշտոնների անռչությամբ պետոթյան կողմից տրամադրվող բարիքներից: Իսկ դա անընդունելի է», - վրդովվել է Բոստանջյանը: Նա անընդունելի է համարում երկրի խորհրդարանականների թեկուզ մեկ ծառայողական ավտոմեքենայի առկայությունը: «Ես այդ մասին ասել եմ դեռ ԱԺ պատգամավոր եղածս ժամանակ», - հայտարարել է նա:
Ելնելով դրանից` տնտեսագետը համոզված է, որ կառավարությունը ճիշտ ուղու վրա է: Նրա կարծիքով, բյուջեի միջոցները սոցիալական ծրագրերին ուղղորդվելու փոխարեն ծախսվում են պետական պաշտոնյաների քմահաճույքների վրա` շքեղ մեքենաներ, թանկարժեք, սակայն անարդյունավետ ուղևորություններ: «Ժամանակն է կրճատելու բոլոր այն ծախսերը, որոնք սկզբունքային նշանակություն չունեն պետության համար», - եզրափակել է Վարդան Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին կառավարության նիստում ասել էր, թե «քառօրյա պատերազմը բոլորին ստիպել է վերանայել կատարված աշխատանքը»: Վարչապետը նաև նշել էր, որ հարկավոր է անցնել ավելի խիստ խնայողության ռեժիմի, և պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ:
Արդյունքում` արդեն մայիսի 19-ին Հայաստանի կառավարությունը զեկուցել է ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատման մասին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հաղորդել է, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատման ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ, և այս փուլում նախատեսվում է կրճատել 797 ավտոմեքենա: