ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն Հայ դատի
ԱՄՆ հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ
իր հայտարարությունն ամերիկյան NBC հեռուստաալիքի եթերից, որը բացասական արձագանք էր
հարուցել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայ համայնքներում:
Դեսպանը, մասնավորապես, հայտարարել է, թե իր խոսքերը
ճիշտ չեն մեկնաբանվել, և ինքը Հայոց ցեղասպանությունը ժխտելու նպատակ չի
հետապնդել: «Ես շատ լավ գիտեմ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումը, որը ճանաչում է
Հայոց ցեղասպանությունը: Ավելին, ես ինքս բազմիցս ասել եմ, որ օսմանյան
Թուրքիայում հայերի կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Ես երբեք
օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու նպատակ չեմ հետապնդել և չեմ
հետապնդի: Իմ խոսքերը ճիտ չեն մեկնաբանվել», - հայտարարել է դեսպանը:
Նշենք,
որ ավելի վաղ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը
նամակ էր հղել երկրի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին, որում բողոք էր հայտնել ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոյի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ NBC հեռուստաալիքի եթերից հնչեցրած հայտարարության առնչությամբ: Նամակում, մասնավորապես, ընդգծվում էր, որ դեսպանի հայտարարությունը
հակասում է Ֆրանսիայի պաշտոնական
դիրքորոշմանը, որն օրենքի մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:
Հհշեցնենք, որ ամերիկյան NBC հեռուստաալիքի եթերից դեսպանը հայտարարել էր, թե
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումն արգելող օրենք չկա: Նրա ասելով, միայն մեկ օրենք կա Հոլոքոստի հերքման մասին, քանի որ դա կարծիք չէ: «Հոլոքոստ իսկապես եղել է: Այնպես որ՝ դուք կարծիք չեք հայտնում, երբ ասում եք, որ Հոլոքոստ չի եղել, դուք ժխտում եք փաստը: Բայց, բացի Հոլոքոստից, մնացած ամեն ինչ թույլատրվում է», - հայտարարել էր նա: