Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմի տարածքների կորուստն Ադրբեջանին ոգեշնչել է ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման: Հունիսի 1-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը:
Նրա համոզմամբ, կարևոր չէ, թե որքան տարածք ենք մենք կորցրել` 1 հա թե 800 հա: «Առաջին անգամ հայկական կողմը տարածք է կորցրել, ինչը կարող է դառնալ նախադեպ, որը Բաքվին կդրդի նոր սադրանքների», - կարծում է նա: Արա Պապյանը ցավով նշել է, որ հայկական կողմը երբեք լուրջ չի ընդունել «Էրիվանը և Զանգեզուրը վերադարձնելու» Բաքվի սպառնալիքները, և միշտ ապավինել է արտաքին խաղացողներին, այդ թվում` Ռուսաստանին: «Սակայն ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Մոսկվան չի ցանկանում և չի կարող զսպել Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը», - նշել է Արա Պապյանը, հավելելով, որ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու միակ եղանակը հզոր տնտեսություն կառուցելն է:
Ընդ որում, նա համաձայն է այն պնդումներին, որ հակամարտությունն արդեն վաղուց դուրս է եկել ղարաբաղյանի սահմաններից և վերաճել է հայ-թուրքականի, այսինքն, պայքարն այսօր ընթանում է հայկական գործոնի չեզոքացման համար: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունիսին նախատեսվող հանդիպմանը` Պապյանը հայտարարել է, որ եթե այն , նույնիսկ, կայանա, ապա, միևնույն է, կլինի ապարդյուն:
Նա նաև կարծում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական պաշտոնական քարոզչությունը խիստ կաղում էր, հատկապես, արտաքին քաղաքական գերատեսչության մասով: Փորձագետը նաև հույս է հայտնել, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը, գոնե, արդյունավետ կաշխատի միջազգային կառույցներում` Ադրբեջանի կողմից հակամարտության գոտում հումանիտար իրավունքի կոպիտ խախտման առնչությամբ: