ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իշխանությունների հասցեին իր քննադատությամբ փորձում է քաղաքական կապիտալ ստեղծել 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այդ մասին հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի վերջին հարցազրույցը:
Նրա խոսքով, Քոչարյանի բոլոր այն փաստարկները, որ երկրում բարգավաճում է կոռուպցիան, և իշխանությունները դրա դեմ պայքարի խաբուսիկություն են ստեղծում, չեն դիմանում քննադատությանը, քանի որ հենց նրա կառավարման ժամանակ է այդ երևույթը սկսել համակարգային բնույթ կրել: ՙԸստ որում, Քոչարյանը մոռանում է նշել, թե ինչն է խանգարել իրեն պայքարել կոռոպցիայի դեմ, և ինչու է դրա բոլոր բացասական հետևանքները նկատել միայն պաշտոնից հեռանալուց հետո: Հնարավոր է, նա փորձում է հիմք ստեղծել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, սակայն, կարծում եմ, դա անհեռատես քայլ կլինի, քան որ նման հեռանկարը հայ հասարակությանն ակնհայտորեն չի ոգևորի՚,- նշել է փորձագետը:
Սաֆարյանն ավելացրել է, որ Քոչարյանն իրավունք չունի նաև քննադատելու որևէ մեկին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված, քանի որ հենց նրա կառավարման շրջանում է Արցախը դադարել մասնակցել բանակցություններին՝ որպես հակամարտության կողմ: ՙՔառօրյա պատերազմից հետո երկրում մաքուր մթնոլորտ էր, սակայն հիմա այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանը և քաղաքական այլ գործիչներ փորձում են շահաբաժիններ ստանալ անպարկեշտ ճանապարհներով՚,- ընդգծել է քաղաքագետը:
Նշենք, որ 2rd.am պորտալում հրապարակված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, քննադատել է գործող իշխանությունների արտաքին և ռազմական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ
Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակել այն տեսականու առումով, կամ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան: Նրա կարծիքով, փաստարկներն այստեղ առավել քան բավական էին: «Ինձ հայտնի չէ, թե ինչպիսի հետեւողականությամբ են իշխանությունները զբաղվել այդ հարցով, եւ ինչու դա հնարավոր չեղավ կանխել, այդ պատճառով զերծ կմնամ գնահատականներ տալուց: Այս ամենի հետ մեկտեղ մենք անպատրաստ գտնվեցինք մի շարք ռազմական սարքավորումների առումով, որոնց ձեռք բերումը լիովին մեր ուժերի մեջ էր եւ միջկառավարական համաձայնագրեր չէր պահանջում: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ հակառակորդի բանակը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում գիշերային ժամերին, քանի որ հագեցած էր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների եւ զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում՚,- ասել է նա: