Եվրախորհրդարանականների կողմից Երևանում կայանալիք Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին մասնակցելուց հրաժարվելը պայմանավորված էր Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքներով: Այս մաաին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանի Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը:
Նա նշել է, որ հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ` Ստրասբուրգում, Բրյուսելում կամ Երևանում: ՙՎերջին նիստը տեղի ունեցավ անցյալ տարի, Բրյուսելում, իսկ հաջորդ նիստն այս տարի պետք է տեղի ունենա Երևանում, հոկտեմբերի 29-30-ը, սակայն մեր եվրոպական գործընկերները տեղեկացրեցին, որ հաջորդ տարի նախատեսված Եվրախորհրդարանի ընտրությունների կապակցությամբ չեն կարող մասնակցել հանձնաժողովի նիստին` չափազանց հագեցված ժամանակացույցի պատճառով՚,-նշել է Ֆարմանյանը:
Պատգամավորը տեղեկացրել է, որ եվրոպացիներն առաջարկել են անցկացնել հանձնաժողովի Բյուրոյի նիստ, որը տեղի է ունենում հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ: ՙԻհարկե, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք եվրոպացիների գործողությունները կմեկնաբանեն քաղաքական կողմնակալությամբ, մենք դա շատ լավ ենք հասկանում: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Նրանց հրաժարվելու մեջ սենսացիոն և արտակարգ ոչինչ չեմ տեսնում: Մենք հարգում ենք մեր եվրոպացի գործընկերների որոշումը, ինչպես նաև ընտրությունների հետ կապված նրանց արգումենետները: Բյուրոն նույնպես հանդիսանում է համագործակցության ձևաչափ, և երևանյան Բյուրոյի նիստի ընթացքում մենք կքննարկենք համագործակցության հեռանկարներն ամբողջական ձևաչափով, այդ թվում նաև հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման տեղի ու ժամանակի հարցը՚,-եզրափակել է Ֆարմանյանը:
Ավելի վաղ հրապարակվել էր, որ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի որոշումից հետո ԵՎրախորհրդարանի պատգամավորները հրաժարվել են ժամանել Երևան` Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու համար: