Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:
ՙԴա սխալ որոշում է: Թուրք ազգի անցյալը հայտնի է: Այս ազգը հպարտանում է իր անցյալով: Մեր երկրի պատմության մեջ չի եղել որևէ իրադարձություն, ինչի համար մենք ստիպված կլինեինք կարմրել և գլուխ խոնարհել: Մենք հետ ենք կանչել Գերմանիայում Թուրքիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով: Բանաձևի տեքստին ծանոթանալուց հետո համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Այս ազգը երբևէ ինչ-որ մեկի հրամաններին չի ենթարկվել և գլուխ չի խոնարհել՚,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը, հայտնում է Anadolu-ն:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթինհ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Սեփական պատմության մութ էջերը փակելու ճանապարհը խորհրդարանի անպատասխանատու և անհիմն որոշումներով այլ երկրների պատմությունը սևացնելը չէ՚: Գերմանիայի Բունդեսթագն այսօր կայացած քննարկումների արդյունքում գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, ևս մեկը՝ ձեռնպահ է մնացել: Բանաձևում ընդունվում է ոչ միայն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև՝ Գերմանիայի պատասխանատվությունն այդ իրադարձությունների համար:
Նշենք, որ այսօր Բունդեսթագում լսումներին ներկա են գտնվել Հայաստանի և Թուրքիայի դեսպանները: Սակայն, քննարկումներին ներկա չեն եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Կառավարության փոխխոսնակ Քրիստիան Վիրցը հայտնել է, որ Անգելա Մերկելը սատարում է բանաձևին և պրոբացիոն քվեարկության ժամանակ կողմ է քվեարկել դրան:
Թուրքիան երկրի առաջին դեմքերի մակարդակով արդեն նախազգուշացրել է Բեռլինին թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: