Եթե ոչ հայ հասարակության մեծամասնության, ապա իշխանական մեծամասնության կողմից ասված ՙայո՚-ն մանրամասնեց Հայաստանի իշխանավորների առաջիկա մտադրությունները և ծրագրերը: Ձեր կարծիքով, արդյո՞ք հանրապետականներին կհաջողվի հերթական անգամ մեծամասնություն կազմել 2017 թ. գումարման խորհրդարանում:
Ամենահավանական տարբերակն այն է, որ ՀՀԿ-ն մեծամասնություն չի կազմի և ստիպված կլինի իշխանությունը կիսել ՙԲարգավաճ Հայաստանի՚ և ՀՅԴ-ի հետ, որոնք կարող են վերջինիս ՙկրտսեր գործընկերները՚ դառնալ: Այս տարբերակի օգտին է վկայում այդ կուսակցությունների կողմից սահմանադրական հանրաքվեի գաղափարի աջակցությունը և դրա արդյունքների օրինականության միանշանակ ճանաչումը վերջիններիս կողմից: Այժմ տրամաբանական է սպասել, որ հենց նրանք խորհրդարանում և ապագա կառավարությունում որոշակի պաշտոնների հավակնելու շանսեր ունեն: Սակայն, գլխավոր դերը, իհարկե, կպատկանի կառավարող ՀՀԿ-ին:
Գոյություն ունի վարկած, ըստ որի Հայաստանի սահմանադրական բարեփոխումները պայմանավորված էին այդ թվում՝ ՙարևմտյան պատվերով՚, ինչը հեռահար նպատակներ է հետապնդել՝ բնականաբար Ռուսաստանին հակասող: Որքանո՞վ է հիմնավոր նման վարկածը:
Ակնհայտ է, որ ԱՄՆ դեսպանությունն ակտիվորեն չի հակազդել սահմանադրական հանրաքվեի անցկացմանը. վերջինիս դիրքորոշումն ավելի շուտ չեզոք է: Խոսքն ամենևին չի վերաբերում վճռորոշ միջամտությանը՝ Հայաստանի երրորդ նախագահին տապալելու նպատակով, ինչպես Շևարդնաձեի, Յանուկովիչի կամ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի դեպքում: Խոսքը չի վերաբերում նաև այն աջակցությանը, որն ունեին Սահակաշվիլին կամ Յուշչենկո-Պորոշենկոն ԱՄՆ-ից: Նման չեզոք պահվածքը կարող է այս կամ այն փոփոխության ենթարկվել, սակայն ակնհայտորեն ոչ ամենամոտ ժամանակներս:
Հանրաքվեից հետո ԱՄՆ և իր դաշնակիցները կփորձեն իրավիճակն օգտագործել՝ իրենց համար առավել համակրելի հայ քաղաքական գործիչներին 2017 թ. ընտրություններում ՀՀ խորհրդարան անցկացմանն աջակցելու նպատակով: Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Մոսկվան, ըստ քաղաքագետի, նախընտրում է սեփական խաղերը չխաղալ հայկական ներքաղաքական դաշտում. այն կենտրոնացած է առաջին հերթին երկկողմ հարաբերությունների միջազգային ասպեկտի և անվտանգության ընդհանուր խնդիրների վրա: Հենց այստեղ Հայաստանի վրա կարող է ազդել արտաքին գործոնը. ահաբեկչության խնդիրը և Իրաքում, Սիրիայում ու հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ուժեղ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի վրա: Ակնհայտ է, որ այդ ազդեցությունն ավելի շուտ նոր խնդիրներ կստեղծիՀայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար և չի նպաստի արդեն գոյություն ունեցող խնդիրների լուծմանը:
Նոր Սահմանադրությունը ենթադրում է իշխանական լիազորությունների և, համապատասխանաբար, կառավարության, խորհրդարանի և նախագահի միջև պատասխանատվության ՙլղոզումը՚: Արդյո՞ք նման իրավիճակը բխում է Հայաստանի գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի շահերից:
Դա իշխանության նոր մեխանիզմի արդյունավետության հետ կապված մտավախություններ է առաջացնում: Սակայն, կարդարանան արդյոք այդ մտավախությունները՝ ապագան ցույց կտա:
Տպավորություն է ստեղծվում, որ կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականի անցումը Հայաստանի նման երկրներում կհանգեցնի կոլեկտիվ անպատասխանատվության: Ինչպե՞ս եք պատկերացնում դրա հեռանկարները՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը և ԻՊ ահաբեկիչների գործողությունները:
Կոլեկտիվ անպատասխանատվությունն ինքնասպանության ճանապարհ է կառավարող ողջ ընտրախավի համար: Այս առումով հայ քաղաքական գործիչներից դժվար թե որևէ մեկը ցանկանա նախապատվությունն այդ ճանապարհին տալ: Ավելի հավանական է, որ լուծվում են քաղաքական այլ խնդիրներ՝ կապված Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահական ժամկետի ավարտի և ապագա խորհրդարանական ու նախագահական ընտրությունների համատեքստում իշխանության վերարտադրության խնդրի հետ: Ներկայիս սահմանադրական բարեփոխումների հեղինակները հազիվ թե հեռու հեռանկարի համար գործողությունների վաղօրոք մշակված ծրագիր ունեն: Նրանց համար կարևոր է լուծել 2017 և 2018 թթ. ընտրությունների խնդիրը, հետագան կախված կլինի ստացված արդյունքներից և քաղաքական նոր դասավարություններից:
Նոր Սահմանադրությամբ ենթադրվող՝ բանակի կառավարման ՙլղոզվածությունն՚ արդյո՞ք նոր վտանգների և ռիսկերի չի հանգեցնի Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության համար:
Նման վտանգ կառաջանա այն դեպքում, եթե վարչապետը չվերահսկի իրավիճակը խորհրդարանում և կառավարող կուսակցությունում: Իսկ եթե նրան հաջողվի ամեն բան վերահսկել, կոշտ ուղղահայաց իշխանությունը կպահպանվի, և բանակի կառավարման և այլ հարցերում որևէ լղոզվածութուն չի առաջանա: Այս դեպքում իրավիճակը կախված կլինի այն բանից, թե արդյոք խորհրդարանական մոդելն ավելի արդյունավետ կլինի Հայաստանի սոցիալ-տնտեսական սուր խնդիրների լուծման հարցում: Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար շատ բան կախված կլինի արտաքին գործոնից: Մոսկավորապես՝ այն բանից, թե ինչպես կզարգանա իրավիճակն Իրաքում, Սիրիայում և հարևան երկրներում, և, իհարկե, այն բանից, թե կպահպանի արդյոք ԱՄՆ-ն իր չեզոք վերաբերմունքը անձամբ Հայաստանի երրորդ նախագահի և ապագա հավանական վարչապետ Սերժ Սարգսյանի նկատմամբ: