Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովում, որտեղ մայիսի 15-ին քննարկվում են "Ռազմարդյունաբերական համալիրի մասին" օրենքում փոփոխությունները, իրավիճակը կրկին կտրուկ սրվել է:
Այս անգամ լարվածության պատճառը եղել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթը: Պատգամավորը, մասնավորապես, նշել է, որ երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միջոցառումների մասին քննարկվող հարցի ֆոնին "2018 թվականին Հայաստանում իշխանությունը զավթած անձն Ադրբեջանին է փոխանցել 6 մլրդ դոլարի սպառազինություն": "Ստիպված ենք արձանագրել, որ այդ նույն անձն ի վիճակի չէ Ադրբեջանից պահանջել Հայաստանի զավթված տարածքների վերադարձ։ Ի վերջո, ոչ ներկայացված օրինագիծը, ոչ էլ որևէ այլ նախագիծ չի փոխի այն փաստը, որ Նիկոլը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը-խմբ.) հրաման է տվել Հայաստանի Հանրապետության զինվորին կրակ չբացել, որպեսզի չպաշտպանի և չպաշտպանվի", - հայտարարել է Մկրտչյանը։
Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն Աննա Մկրտչյանին կոչ է արել հետևել ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության օրինակին և լքել նիստերի դահլիճը: "Ձեզնից, միևնույն է, ոչ մի օգուտ չկա։ Ինչ վերաբերում է "իշխանությունը զավթած անձ" արտահայտությանը, ապա այդպիսին է ձեր քաղաքական և կենսաբանական հայրը ։ Ցտեսություն", - հայտարարել է Ռուբինյանը։
Դրանից հետո ԱԺ նիստը հայտարարվել է ավարտված։