Արմինֆո. Հայկական հետքը ջնջելու ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձել է օկուպացված Ասկերանի Մայրաբերդի հուշահամալիրը, ինչպես նաև Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը, որը գտնվում է Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ և Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին: Այդ մասին ֆեյսբուքյան իր Էջում հաղորդել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսսմենը։
Նրա ասելով՝ այդ մասին են վկայում 2025 թվականի մարտի 12-ի արբանյակային լուսանկարները: «Վանդալիզմի այս երկու դեպքը կատարվել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ: Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվում էին Հայրենական Մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ և խաչքար՝ Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին», - ասվում է օմբուդսմենի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի ամռանը Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպությունն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր 7 - րդ զեկույցում ահազանգում էր Ադրբեջանի կողմից ԼՂՀ գրավյալ տարածքներում հայկական ժառանգության ոչնչացման դեպքերի 75%-ով, և որպես վտանգված դասակարգված օբյեկտների թվի 29%-ով ավելացման մասին ։