Արմինֆո. ԱՄՆ մաքսային և սահմանային հսկողության մասնագետներին Հայաստան ուղարկելու հարցը քննարկվում է։ Այս մասին մարտի 3-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչու մասնագետները մինչ օրս չեն ժամանել Հայաստան, փոխնախարարը կոչ է արել հաշվի առնել ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունը: Նա ընդգծել է, որ ընթացիկ տարվա հունվարին ձեռք բերված պայմանավորվածությունները ոչ ոք չի չեղարկել։
Խոսելով այդ հարցի վերաբերյալ Թեհրանի բացասական արձագանքի մասին՝ փոխնախարարը վստահեցրել է, որ Իրանի հետ հարցը համաձայնեցված է:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման արարողության ավարտին ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ արդեն "հաջորդ շաբաթ Երեւան կմեկնի մաքսային եւ սահմանային անվտանգության հարցերով հատուկ խումբ ՝ սահմանների ամրապնդման համատեղ գործունեության համար": Սակայն, ինչպես վկայում է իրականությունը, խումբը մինչ օրս չի ժամանել երկիր։ Ըստ էության, այս փաստը հաստատել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ով օրերս հաղորդել է, որ խմբի այցը մինչ օրս չի կայացել: