
Արմինֆո.Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Բաքվում հայերի, այդ թվում՝ Արցախի գործող և նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատը որակել է հաշվեհարդար:
Համապատասխան դիրքորոշումը նա հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի՝ Երևանում ինստիտուտի մասնաճյուղի և միջազգային "Լազարյան ակումբի" հետ համատեղ կազմակերպված "Բաքվի դատը. ինչի կհանգեցնի վրեժխնդրության ձգտումը" թեմայով կլոր սեղանի ընթացքում:
"Ինչպե՞ս մենք Ռուսաստանում, ես՝ Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, պետք է դրան վերաբերվենք: Անշուշտ՝ որպես հաշվեհարդարի։ Ես այդ կապակցությամբ հայտարարություն եմ արել, Հուսով եմ, որ դա ձեզ հայտնի է։ Ես կարծում եմ, որ դա անձնական վրեժխնդրության ակտ է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության նկատմամբ։ Բոլոր այն մարդիկ, որոնց մասին խոսվում է, երկար տարիներ եղել են ադրբեջանական ղեկավարության գործընկերները բանակցություններում, երբ խոսքը վերաբերում էր Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացին, որն այսօր չեն ցանկանում ընկալել Ադրբեջանում, կամ ինչ-որ այլ բանակցային ձևաչափերում", - նշել է ռուս պատգամավորը։
Նրա խոսքով, այդ դատաստանն արտացոլում է Ադրբեջանի ղեկավարության ընդհանուր ձգտումը ' շարունակել հաղթանակ տոնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ, ընդհանրապես, հայերի եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ: Իր խոսքերը նա հիմնավորել է նրանով, որ ուղեկցվում է ոչ միայն պահանջներով ու ձերբակալությամբ ու դատարանով, այլ նաև այլ ակցիաներով։
"Պատմության ազատ մեկնաբանմամբ, ըստ որի, հայերը տեղ չունեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև, ընդհանրապես, Կովկասում։ Այն փաստը, որ այսօր փորձ է արվում հետադարձ ուժով վերաշարադրել մշակույթի պատմությունը ։ Մեզ բոլորիս քաջ հայտնի պատմական հուշարձանները 5-րդ դարի վանքերը, ինչպես, օրինակ, Ամարասը. կամ, ասենք, 12-րդ դարի, ինչպես Գանձասարը կամ Դադիվանքը, հայտարարվում են աղվանական։ Ինչպես և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող մշակույթի պատմության բոլոր հուշարձանները, որոնք վերաբերում են այն ժամանակաշրջանին, երբ ադրբեջանցիները ոչ միայն այդ տարածքում չեն եղել, այլև, ընդհանրապես, չեն եղել որպես ազգ բնության մեջ։ Նրանք դեռ չէին ձևավորվել", - հավելել է նա։
Անշուշտ, ըստ ռուս պատգամավորի, ադրբեջանցիները հարյուրավոր տարիներ ապրում են հարևանությամբ կամ հայերի հետ այդ տարածքում, բայց՝ ոչ հայերից առաջ:
"Ինչն, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, բացի հենց Ադրբեջանի ղեկավարությունից։ Այդ ամենն ուղեկցվում է ծաղրով այն ամենի նկատմամբ, ինչը է թանկ Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։ Ինչ-որ խորհրդանշական հուշարձանների ոչնչացմամբ։ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող Ազգային ժողովի տանիքի կամ առանձին անհատների հուշարձանների ոչնչացմամբ: Այս ամենը, իբր, ուղղված է այն բանին, որպեսզի որքան հնարավոր է շուտ Լեռնային Ղարաբաղը տեղավորի Ադրբեջանի մշակութային, էթնիկ, ազգային, պետական տարածության մեջ", - ամփոփել է Զատուլինը։