Արմինֆո. Հայաստանն ակնկալում է Եվրամիության ակտիվ աջակցությունը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը փետրվարի 25-ին Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստի ժամանակ։
"Մեր գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, ամոթալի է Ադրբեջանի համար՝ ցանկացած տեսանկյունից՝ թե իրավական, թե դատական։ Մենք շնորհակալ ենք մեր բոլոր միջազգային գործընկերներին՝ խաղաղությանն ուղղված ջանքերին աջակցելու համար։ Մենք երախտապարտ ենք նաև ԵՄ գործընկերներին, սակայն նրա միջնորդական ջանքերն այսօր արդյունք չեն տալիս։ Մենք հույս ունենք, որ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով նոր գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասն ավելի ակտիվ մասնակցություն կունենա այդ գործընթացին", - ընդգծել Է պաշտոնյան։
Նա նշել է, որ Կալլասի առաջիկա այցը Հայաստան եւ Ադրբեջան եւ նրա մասնակցությունն այդ գործընթացին կարող էին նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Փոխնախարարը նաև հաղորդել է, որ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի վերջին տարբերակը, որում չհամաձայնեցված է մնացել ընդամենը երկու կետ: Ներկայումս ընթանում է նաև երկու պետությունների միջև սահմանների սահմանազատման գործընթաց, որը շարունակում է մնալ ամենազգայուն հարցերից մեկը: Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ այդ հարցում դրական դինամիկա կլինի։ Իսկ ռազմատենչ հայտարարությունները, Բաքվից հնչող սպառնալիքները չեն համապատասխանում խաղաղության օրակարգին