Արմինֆո. Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայքը՝ Transport.yerevan.am: Այդ մասին դեկտեմբերի 23-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
"Շատերին թվում է, որ տվյալ դեպքում խոսքը սակագների մասին է, բայց մեր նպատակը շատ ավելի կարևոր է և ուղղված է տոմսային համակարգի թվայնացմանը։ Մեր թիմը վստահ է, որ այսօր առանց թվայնացման անհնար է առաջ շարժվել քաղաքացիներին ծառայություններ մատուցելիս։ Դուք կարող եք ծանոթանալ տոմսերի նոր փաթեթներին, հաշվիչի միջոցով հաշվարկել, թե որ տոմսն է ձեզ համար առավել մատչելի, ստուգել, թե արդյոք մուտք եք գործում արտոնյալ խումբ՝ մուտքագրելով սոցիալական քարտի համարը", - ասել է Տիգրան Ավինյանը։
Նա հավելել է, որ կայքը Երևանի քաղաքապետարանի ծառայությունների միասնական հարթակի առաջին ծառայությունն է: "Երևանցիները բոլոր ծառայություններին հասանելիություն կստանան մեկ էլեկտրոնային պատուհանի միջոցով, և կարիք չի լինի այցելել տարբեր կայքեր, ունենալ տարբեր հաշիվներ։ Բնակիչներն իրենց անձնական աշխատասենյակը կունենան նոր կայքում", - ընդգծել է քաղաքապետը։ Նա կոչ է արել երևանցիներին հայտնել խափանումների դեպքերի մասին և լուծումներ առաջարկել՝ հարթակի բարելավմանն ուղղված։
Իր հերթին՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ շուտով կայքի միջոցով քաղաքի բնակիչները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ տոմսերի սակագներին, այլև ձեռք բերել դրանք բանկային քարտի կրիչների միջոցով: Անձնական կրիչների կիրառումը թույլ կտա խուսափել հերթերից և չառաջացնել նոր բանկային քարտերի ձեռք բերում: Նորամուծությունը թույլ կտա համակարգ ներգրավել ինչպես շահառուներին, այնպես էլ այն քաղաքացիներին, ովքեր ներգրավված չեն արտոնյալ համակարգում: Այն դեպքում, երբ համակարգը չի արձագանքում արտոննյալ շահառուների (թոշակառուների և հաշմանդամների) հարցումներին, անհրաժեշտ է այդ մասին հաղորդել համակարգին՝ առաջացած խնդրին արագ արձագանքելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հաղորդել էր, որ նոր տոմսային համակարգի կիրառումը հետաձգվում է 1 ամսով ՝ 2025 թվականի հունվարի 1 - ի փոխարեն ՝ փետրվարի 1-ից: "Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։
Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել:
Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել։
Միաժամանակ նշենք, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման:
Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։
Շատերդ հարցնում եք, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կարողանանք օգտվել այդ համակարգից:
Հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները:
Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով:
Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին:
Հավելենք նաև, որ այս ամենի մասին շուտով հանրությանը կիրազեկվի տեղեկատվական և սոցիալական բնույթի հոլովակներով", - հայտարարել էր մամուլի խոսնակը: