Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու Հայաստանը դժգոհություն չի ներկայացնում Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ, որում Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ կան:
Նա, նախ, նշել է, որ Հայաստանի նման դրսևորումը փակուղի կմտցներ խաղաղ գործընթացը։ Այնուհետև վարչապետը վկայակոչել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված դրույթները, որտեղ ասվում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել ներքին օրենսդրությունը այդ պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:
Մեկ այլ համաձայնեցված մասում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում պարտավորվում են որևէ տարածքային պահանջ չներկայացնել: "Եվ, հետևաբար, այդ հարցը մենք համարում ենք լուծված",- հայտարարել է Փաշինյանը:
Ընդ որում, նա վկայակոչել է ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ կետը, որտեղ ասվում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն գերակայուն ուժ ունեն ներքին օրենսդրության նկատմամբ:
"Օրինակ, ենթադրենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր են ստորագրել։ Կառավարությունը պետք է պայմանագիրն ուղարկի Սահմանադրական դատարան, և եթե վերջինս որոշի, որ պայմանագիրը հակասում է ՀՀ սահմանադրությանը, ապա մենք ստիպված կլինենք, և որպես կառավարություն, և որպես հասարակայնություն, կամ փոխել սահմանադրությունը, կամ հրաժարվել խաղաղության պայմանագրից։ Բայց եթե դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է սահմանադրությանը, այդ դեպքում խոչընդոտ չի լինի, որպեսզի պայմանագիրն անցնի Ազգային ժողով և վավերացվի", - ասել է նա, նշելով, որ պայմանագրի վավերացման հետևանքով տարածքային պահանջների վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները կփարատվեն, ճիշտ այնպես, ինչպես՝ Հայաստանինը: