Արմինֆո. Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:
Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին, և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին: ԱՊՀ երկրների գործընկերների հետ Մոսկվայում կայացած հերթական հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել է նաեւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: