
Արմինֆո. Թագուհի Թովմասյանին զրկել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից: Այդ որոշումն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 11-ի արտահերթ նիստում գաղտնի քվեարկության արդյունքում՝ 62 կողմ, 1 դեմ:
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունները ։ "Հայաստան" խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նման քննարկումներն ու քվեարկությունն անօրինական է համարել: Խմբակցությունների ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը՝ նախքան հարցը Հովիկ Աղազարյանի ("Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության անդամ) կողմից ներկայացնելը:
Նշենք, որ նախագիծը քննարկման էր դրվել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից, որի հիմնավորման մեջ նշվել էր, որ "Թագուհի Թովմասյանը, լինելով մարդու իրավունքների պաշշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի առանցքային գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում ՝ իր իսկ նախագահությամբ հանձնաժողովի նիստի ժամանակ, անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվությունը վիրավորելու և ատելության հռետորաբանության նկատմամբ ՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը":
Նման որոշման կապակցությամբ "Պատիվ ունեմ" և "Հայաստան" խմբակցությունները հրապարակել են հայտարարություններ, որոնցում կառավարող մեծամասնության ներկայացրած նախագիծը որակել են իշխանությունների ապօրինի գործելաոճի հերթական օրինակ։
ՔՊ-ի ներկայացրած հիմնավորումները, ըստ ընդդիմադիրների, անօրինական են և անհիմն, քանի որ, ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն, չկա որևէ հրամայական պահանջ, որ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները պետք է պարտադիր մասնակցեն ԱԺ խորհրդի նիստերին:
"Հետևաբար, այն ձևակերպումը, թե Թագուհի Թովմասյանը հետևողականորեն չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին և դրանով իսկ չի կատարել իր պարտականությունները՝ որպես հանձնաժողովի նախագահ, և խախտել է հանձնաժողովի բնականոն գործունեությունը, պարզապես, անհիմն է", - ասված է "Պատիվ ունեմ" խմբակցության հայտարարության մեջ:
ՔՊ նախագծում բերված երկրորդ հիմնավորումը, որի համաձայն, Թագուհի Թովմասյանը հանձնաժողովի նիստում անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը վիրավորելու և ատելության հռետորաբանության նկատմամբ, իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը, "Պատիվ ունեմ" խմբակցության ներկայացուցիչները որակել են բացարձակ զրպարտություն: Դրանում կարելի է համոզվել, հանրամատչելի աղբյուրներում վերանայելով համապատասխան նիստի տեսանյութերը, որտեղ Թագուհի Թովմասյանը, ընդհակառակը, պրոֆեսիոնալ կերպով նիստը վարել է մինչև վերջ՝ ի չիք դարձնելով սադրանքները, այդ թվում՝ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ներկայացուցիչների կողմից։
«Թագուհի Թովմասյանը հանձնաժողովի նախագահ ընտրվելու պահից լիարժեք պատասխանատվությամբ և պրոֆեսիոնալիզմով, իր պաշտոնին համապատասխան, կատարել է իր վրա դրված պարտականությունները՝ իր լիազորությունների շրջանակում հանդիսանալով ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպան: Լինելով մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Թագուհի Թովմասյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումների և նամակագրության ժամանակ մշտապես անդրադարձել է Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության հարցերին՝ միջազգային հանրությանը կոչ անելով իրականացնել նպատակային և օպերատիվ գործողություններ: Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացը կրում է բացառապես քաղաքական բնույթ և ուղղված է ընդդիմության վրա ճնշում գործադրելուն", - ասված է "Պատիվ ունեմ"-ի հայտարարության մեջ:
Միաժամանակ, "Պատիվ ունեմ" - ը հայտարարել է, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու չի առաջադրելու:
"Հայաստան" խմբակցության հայտարարության մեջ ասվում է, որ "Քաղաքացիական պայմանագիրը" շարունակում է իշխանության տոտալ զավթման իր պրակտիկան՝ ի ցույց դնելով այլախոհների նկատմամբ անհանդուրժողականության, ատելության և զրպարտության նորանոր ռեկորդներ: "Անտեսելով խորհրդարանական կառավարման համակարգը, չհանդուրժելով ազգային հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ընդդիմադիր ուժերի և գործիչների անհաշտ պահվածքը ՝ իշխող ուժը հակաիրավական և հակաքաղաքական մեթոդներով փորձում է Հայաստանի Հանրապետությունում հաստատել լիակատար բռնապետություն", - ասված է հայտարարության մեջ:-