


Արմինֆո.Հայաստանը բանակցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով միջազգային երաշխիքների մեխանիզմների ստեղծման շուրջ: Այդ մասին մայիսի 16-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երեւանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի տարածքի մաս։
Փոխնախարարի ասելով՝ բանակցությունները դեռ շարունակվում են, ինչի մասին պարբերաբար իրազեկվում է երկրի հասարակայնությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության՝ Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմ և Հայաստանի 29,8 հազար քառ. կմ նկատմամբ:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Երևանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, փոխնախարարը հորդորել է չպարտադրել նրան դրական կամ բացասական պատասխան տալ:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը ստացել է ռուսական սպառազինությունը, որի ձեռք բերման համար տասնյակ միլիոնավոր դոլարներ են ուղղվել, փոխնախարարը հաստատել է, որ սպառազինությունն, իսկապես, Հայաստան չի հասել: "Մենք փորձում ենք շարունակել աշխատանքը, և դրան ավելացնելու ոչինչ չկա", - ասել է նա, չմանրամասնելով, թե ինչու զենքը չի հասել Հայաստան:


