Արմինֆո. Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր տարբերակը, սակայն Երևանի նախաձեռնությանն արձագանք՝ որպես այդպիսին, դեռ չկա։ Այդ մասին մարտի 1-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում։
Նա նշել է, որ առաջարկներին արձագանքելը որոշակի ժամանակ է պահանջում։ "Ենթադրում եմ, որ որոշ ժամանակ անց արձագանք կլինի",- նշել է կառավարության ղեկավարը, հավելելով, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ողջ աշխատանքի ընթացքում տեղի է ունեցել քննարկումների երեք փուլ, այսինքն, առաջարկություններով հանդես են գալիս մերթ հայկական, մերթ ադրբեջանական կողմերը։ «Այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել։ Անկախ դեմ առ դեմ հանդիպումներից, փաստաթղթաշրջանառությանն առնչվող աշխատանք է տարվում, որը միշտ չէ, որ պահանջում է անձնական հանդիպումներ", - ընդգծել է վարչապետը։
Փաշինյանը հաղորդել է, որ վերջերս հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման աշխատանքային հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծը, որի պատասխանն է ակնկալում Բաքվից: Ինչ վերաբերում է այն առաջարկներին, որոնք արվել են ավելի վաղ, այդ թվում ՝ հաղորդակցությունների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, ապա դրանք, ինչպես նշել է Փաշինյանը, շարունակում են մնալ ուժի մեջ։