Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Ֆիլիպ Ռիքերի նշանակումը եւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանների գրավյալ Շուշի այցից հրաժարվելը հակամարտության տարածաշրջանում հետպատերազմյան իրողություններին Վաշինգտոնի եւ Փարիզի հայեցակարգային անհամաձայնության բավականին ուշագրավ դրսեւորում են:
ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ "Հարավային Կովկասում փոխադարձ զսպման համակարգի գործնական բացակայության պայմաններում հավաքական Արեւմուտքի նման դիմակայությունը 44-օրյա պատերազմի հիմնական շահառուների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ՝ Հայաստանի համար ստեղծում է ինչպես հնարավորություններ, այնպես էլ նոր մարտահրավերներ։ Ասել է թե՝ այս ամենը Հայաստանի համար բավական լայն դաշտ է ձևավորում սեփական շահերն առաջ մղելու ուղղությամբ աշխատելու համար՝ դրանք հիմնական արտաքին խաղացողների շահերի հետ համադրելու միջոցով", - կարծում է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ նման խաղում ցանկացած բացթողում Հայաստանի համար կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Մինչդեռ, ցանկացած հաջողություն կարող է ձեռք բերել վճռորոշ, հայեցակարգային եւ, նույնիսկ, շրջադարձային նշանակություն: Այս փուլում, նրա կարծիքով, Ռուսաստանի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի հետպատերազմյան փոխկապակցվածությունը դեռեւս էական փոփոխությունների չի ենթարկվել։ Սակայն, հենց նույն պատերազմի արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ինստիտուտի փաստացի անգործությունը հանգեցրել է դրա փոխարինմանը Մոսկվայի եւ Բրյուսելի բանակցային հարթակներով։
Ղևոնդյանը նաև նշել է, որ Բրյուսելը նաեւ ներկայացնում է Վաշինգտոնը, այդպիսով ԵՄ-ն իր շուրջն է կենտրոնացրել է Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսին։ Մոսկվայի և Բրյուսելի հարթակների զուգահեռ գործունեության արդյունքներն ու արդյունավետությունը, նրա գնահատմամբ, հնարավոր կլինի բնորոշել հակամարտության տարածաշրջանում հարաբերական կայունության և ուժերի հավասարակշռության հաստատումից հետո միայն։ Ինչին նախաշեմին բոլոր խոշոր ու մանր խաղացողները զբաղված են քաղաքական կապիտալի կուտակմամբ։ "Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրա ակտիվությունը Հարավային Կովկասում սկսել է վերականգնվել՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի գալուց ի վեր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի նշանակումը և Շուշիի դեմարշն այդ գործընթացի մի մասն են։ Եվ տվյալ կոնկրետ դեպքում այդ գործողությունները ռուս-թուրքական գործընկերության կողմից Վաշինգտոնի շահերի շարունակական անտեսման պատասխանն են", - ընդգծել է նա։
Քաղաքագետի կանխատեսմամբ՝ տեսանելի ապագայում ԱՄՆ-ը և Արևմուտքի նրա դաշնակիցները կշարունակեն ակտիվ հակազդեցությունը ՌԴ եվրասիական քաղաքականությանը և Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությանը: Նրա կարծիքով, Անկարայի եւ Մոսկվայի տարածաշրջանային քաղաքականությունն այս փուլում իրավիճակային համադրման վիճակում է՝ հետապնդելով տարածաշրջանը միմյանց միջեւ բաժանելու ընդհանուր նպատակ։