


Արմինֆո.Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին ասվում է նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրում։
"Նոյեմբերի 8-ին ՝ ժամը 13.40-ին, ադրբեջանական կողմից Շուշիի շրջանում կրակահերթ է իրականացվել Լեռնային Ղարաբաղի բանվորների չորս հոգուց բաղկացած խմբի վրա, որի արդյունքում երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է վարում", - նշվում Է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, ընդ որում, նշվում է, որ ռուս խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարդակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում:
Միևնույն ժամանակ, արձանագրվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 311,5 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ նյութ: Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:



