
Արմինֆո. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրն աշխատակցի հետ, եթե վերջինը հրաժարվի կորոնավիրուսի դեմ պատվաստումից կամ ՊՌՇ- թեստի արդյունքը տրամադրելուց: Այդ մասին Անահիտ Ավանեսյանը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա նշել է, որ բացառություն կարող են կազմել միայն հղի կանայք եւ պատվաստման հակացուցումների վերաբերյալ բժշկական եզրակացություն ունեցող մարդիկ։
Նախարարը պարզաբանել է, որ առանց պատվաստման կամ թեստի արդյունքի տրամադրման աշխատակիցը չի կարողանա այցելել աշխատավայր, եւ եթե աշխատակիցը որոշակի ժամանակահատվածում աշխատանքի չի ներկայանում, ապա այդ ժամանակ գործատուն իրավունք ունի խզել աշխատանքային պայմանագիրը։ Նման վարքագծի հղի են հետևանքներով նաև ձեռնարկությունների համար, որոնք ստիպված կլինեն վճարել որոշակի տուգանքներ։
Հարցին՝ թե արդյոք նախարարը նման կարգավորումներում չի տեսնում մարդու իրավունքների խախտում, աշխատանքային օրենսգրքին հակասություններ, Ավանեսյանը հակադարձել է, թե ամեն ինչ արվում է ՀՀ սահմանադրության եւ օրենքի շրջանակներում: Նա հիշեցրել է, որ Հայաստանում գործում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքը, որում հստակ նշված է, թե ինչ դրույթների վրա հղումով են ընդունվել ենթաօրենսդրական ակտերը: Նրա հավաստմամբ, նոր կարգավորումները լիովին համապատասխանում են բոլոր օրինական պահանջներին: "Մարդու իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում", - հայտարարել է նախարարը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ի դրությամբ Հայաստանում պատվաստվել է 303 325 քաղաքացի։ Այսօր Հայաստանում առանց որեւէ սահմանափակումների հասանելի են ռուսական (սպուտնիկ-v), բրիտանաշվդական (AstraZeneca) եւ չինական (Կորոնավակ եւ Սինոֆարմ) արտադրության հակաքովիդային պատվաստանյութերը: Հայաստանում կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումը կատարվում է անվճար:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 1 588 480 թեստ, որոնցից 246 410-ի պատասխանները դրական են եղել (15,5%): Ապաքինվել է 230 291 մարդ (93,4 տոկոս), մահվան դեպքերի թիվը հասել է 4954-ի (2 տոկոս):