
Արմինֆո. Իշխանության համար պայքարում նախկին ռեժիմի ներկայացուցիչներն ավելի շուտ փորձում են պահպանել վերջին տասնամյակներում կուտակած սեփական հարստությունը, քան իրականում հավակնում են հերթական վերարտադրությանը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Էդգար Վարդանյանը։
<Համենայնդեպս, հենց նման տպավորություն է ստեղծվում նրանց գործողություններին հետևելիս։ Այդ մարդիկ նման մեթոդներով ավելի շատ ձգտում են պահպանել սեփական ռեսուրսները, ինչի համար նրանց անհրաժեշտ է ստեղծել գործող ռեժիմի դեմ պայքարում տուժածի, քաղաքական դրդապատճառներով հետապնդվողի իմիջ։ Ըստ ամենայնի, հենց այդպես էլ նրանք պատրաստվում են պահպանել կուտակած նյութական բարիքները>, - ընդգծել է նա։
Միեւնույն ժամանակ, մեկնաբանելով իշխող մեծամասնության դիրքորոշումը հայ հասարակության շրջանում արտահերթ ընտրությունների անցկացման լայն պահանջարկի բացակայության վերաբերյալ՝ վերլուծաբանն իր կասկածներն է հայտնել դրա իրական հիմնավորման գոյության վերաբերյալ: Նրա գնահատմամբ ՝ արտահերթ ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ հարցին հստակ պատասխան տալ կարող են միայն լայնածավալ սոցհարցումները, ստորագրահավաքները, հանրաքվեն։
Փետրվարի 7-ին վարչապետ Փաշինյանի և իշխող <Իմ քայլը> խմբակցության հանդիպման արդյունքում տարածվել էր խմբակցության հայտարարությունը, որում ասվում էր, որ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից: Բացի այդ, նշվում էր, որ հասարակության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրությունների անցկացման պահանջարկ չի ձևավորվել ։
Ամեն դեպքում Հայաստանում քաղաքական խորը ճգնաժամի իրական դրսևորումներ քաղաքագետը չի տեսնում։ Նրա կարծիքով ՝ քաղաքական ճգնաժամի մասին կարելի էր խոսել 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը կամ 2018-ի վերջին հաջորդած իրավիճակի կրկնության դեպքում։ Մինչդեռ այսօր քաղաքական որոշումներ կայացնող ինստիտուտները, տվյալ դեպքում՝ քաղաքական մեծամասնությունը, լավ թե վատ, գործում են։
<Բոլորովին այլ բան է, որ զարգացած ժողովրդավարությամբ երկրներում, ավանդույթների համաձայն, լուրջ վրիպում թույլ տված պետության ղեկավարն անմիջապես հրաժարական է տալիս ։ Եվ, իհարկե, վատ չէր լինի, եթե Հայաստանը պատկաներ նման երկրների թվին ։ Այնուամենայնիվ, եկեք, այնուամենայնիվ, ելնենք մեր իողություններից ՝ ժողովրդավարության վրա հիմնված քաղաքական հիմնարար համակարգ Հայաստանում չկա։ Հետևաբար՝ նման պայմաններում պետության ղեկավարի հրաժարականը կարող է ներքաղաքական նոր լուրջ ցնցումների պատճառ դառնալ>, - ամփոփել է վերլուծաբանը ։