
Արմինֆո. Միքայել Մինասյանի գործով վերականգնվել է 9 հազար ֆայլ՝ սեփականությունների ցանկով, օֆշորային հաշիվներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
<ՊԵԿ-ը շատ համեստ է, շատ զուսպ։ Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը։ Ֆայլերը ջնջված են եղել։ Բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ մոտ 9 հազար հատ ու այնտեղ պարզվում է ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։ Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել։ Կարեւորը՝ սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով։ Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել անգամ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի>,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը ներգրավված է որպես մեղադրյալ ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ եկամուտների հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու քրեական գործով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն չկա, իսկ Մինասյանը Facebook-ի միջոցով ավելի վաղ հայտնել էր իր և իր ընտանիքի հետ կապ ունեցող մարդկանց նկատմամբ 10-ից ավելի քրեական գործ հարուցելու մասին: Նախորդ տարվա աշնանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Մինասյանին վերադառնալ հայրենիք և պատասխանել հատուկ քննչական ծառայության հարցերին: Խոսքը, մասնավորապես, ինչպես նշել է վարչապետը, Լոռու մարզում ռազմավարական օբյեկտի ապօրինի մասնավորեցման մասին է։ ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ տվյալ օբյեկտը "Ձորագետի ՀԷԿ" է։ Այդ ՀԷԿ-ի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալ է ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը, ով կասկածվում է 1,046,400,000 դրամ գույքի վատնման մեջ:
Ավելի վաղ ՀՀ ՊԵԿ-ը հայտնել էր, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն պարզվել է նաև, որ բացի նախկինում մեղսագրված արարքներից, Մ.Մինասյանը 2012-2018թթ. ժամանակահատվածում, կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը, որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի 2017 թվականի և 2018 թվականի հայտարարագրերում՝ այդ կերպ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը):
Վերոգրյալի հիման վրա որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը լրացնելու մասին և Մ.Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագ, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ չորս դրվագ և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: