


Արմինֆո. Արցախի բնակիչների համար անընդունելի է այն մարդու ընտրությունը, ով հանդես է գալիս Հայաստանի իշխանությունների դեմ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ գործող իշխանության դեմ իրենց գործողություններով տվյալ անձինք ստեղծում են ներազգային ատելության մթնոլորտ: "Ես վստահ եմ, որ Արցախի բնակիչներն առաջիկա ընտրություններում կկարողանան իրացնել ԼՂՀ-ում իրենց իսկ կողմից ընտրված իշխանություն ձևավորելու իրենց իրավունքը", - ընդգծել է վարչապետը:
Նա նշել է, որ ԼՂՀ-ում ընտրությունների արդյունքները միշտ էլ ավելի մեծ վստահություն են ներշնչել, քան ընտրությունները Հայաստանում: "Միամտություն է կարծելը, թե Արցախում ընտրական գործընթացը կարող է վտանգավոր լինել։ Արցախում ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են ժողովրդավարական մակարդակով, և դա ակնհայտ ապացույցն է այն բանի, որ Արցախը ժողովրդավարական և կայացած պետություն է։ Այսպիսով, բոլորիս համար ակնհայտ է դառնում, որ նա չի կարող գտնվել Ադրբեջանի կազմում", - հայտարարիել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ ընտրությունները պետք է դառնան հարթակ , որտեղ պետության զարգացման հեռանկարների հետ կապված քննարկումներ կանցկացվեն: "Հայաստանը Արցախի ազատ կամարտահայտության երաշխավորն է։ Ես վստահ եմ, որ ԼՂՀ ժողովուրդը պետք է ազատ կամարտահայտման հնարավորություն ունենա, և համոզված եմ, որ Արցախի բնակիչները լիովին կօգտվեն այդ հնարավորությունից", - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի մարտի 31-ին: Նախագահի թեկնածուներից մեկը՝ Ղարաբաղի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, բազմիցս բավականին կոշտ դիրքորոշում է դրսևորել Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ։


