
Արմինֆո. Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ներդրման օրվանից անցած 15 տարիների ընթացքում այս կառույցը զգալի ներդրում է ունեցել հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 15-ամյակին նվիրված համաժողովում։
Նրա խոսքով՝ այսօր մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում կա մեծ օրակարգ։ "Բայց, միևնույն ժամանակ, մենք կարող ենք նշել, որ լուծվել են կարևորագույն ինստիտուցիոնալ հարցեր, որոնք նախկինում թվում էին անլուծելի: Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերին անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և դրանք եղել են առաջին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում, և կասկածներ չեն առաջացրել ոչ միջազգային դիտորդների, ոչ էլ հասարակության շրջանում։ Ընդհակառակը, դրանք միջազգային դիտորդական առաքելությունները գնահատվել են որպես թափանցիկ եւ ժողովրդավարական", - հիշեցրել է նա։
Ինչ վերաբերում է երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ապա այստեղ Փաշինյանը խոստովանել է, որ Հայաստանում ժողովրդավարությունը գտնվում է էմոցիոնալ հարթությունում, ինչը, ըստ նրա, թավշյա հեղափոխության զգացմունքային շարունակությունն է: "Մենք կարիք ունենք ամրապնդելու ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ առումով, որպեսզի այն կախված չլինի ոչ առաջնորդից, ոչ որեւէ կուսակցությունից, եւ այդ հարցում մենք առաջ ենք շարժվելու", - նշել է վարչապետը:
Ինչպես նշվել է, մարդու իրավունքների պաշտպանությունը ժողովրդավարական պետության եւ հասարակության կարեւորագույն նպատակներից է: Վարչապետը խոստովանել է, որ անցած 15 տարիների ընթացքում օմբուդսմենի ինստիտուտի և ՀՀ կառավարության միջև հարաբերությունները պարզ չեն եղել։ Այսպես, առաջին երեք օմբուդսմենները մինչև իրենց լիազորությունների ավարտը չեն զբաղեցրել այդ պաշտոնը, այլ հրաժարական են տվել, ինչը հասարակության կողմից ընկալվել է որպես մարդու իրավունքների պաշտպանների և իշխանության միջև խորը տարաձայնությունների նշան։
"Մենք հույս ունենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում նոր պայմաններ ստեղծվեցին Օմբուդսմենի աշխատանքի համար, քանի որ հեղափոխություն արեցին երկրի քաղաքացիները, դրանով իսկ ձևավորելով այնպիսի մթնոլորտ, որտեղ մարդը կարևորագույն արժեք է: Սա, իհարկե, չի նշանակում, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը Հայաստանում իդեալական վիճակում է։ Դա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության համար կարևոր և առաջնային նշանակություն ունի, եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մեր գլխավոր դաշնակիցներից մեկն է", - հնավաստիացրել է Փաշինյանը:
"Հեղափոխությունից հետո մեր գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչը հիմնվում է այն ըմբռնման վրա, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Հակառակ դեպքում՝ օրենքի առաջ անհավասարությունը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում։ Երբ ՀՀ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, իր առջև նպատակ է դնում նաև ավելի բարձր մակարդակի բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Մենաշնորհների դեմ պայքարը նաեւ ուղղված է այդ նպատակներին հասնելուն, յուրաքանչյուր քաղաքացու համար սեփական ջանքերով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորությունների ապահովմանը", - ընդգծել է Փաշինյանը։