Արմինֆո.Ռուսաստանի հարավում անցկացվող զորավարժությունները ոչ այլ ինչ են, քան Մոսկվայի արձագանքը Վրաստանում ՆԱՏՕ-ի վերջին զորավարժություններին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը։
Օգոստոսի 26-ին Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի մարզերում, Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասերում եւ Ղրիմում մեկնարկել են հրամանատարաշտաբային ընդգրկուն զորավարժություններ ՝ 8,2 հազար զինծառայողների մասնակցությամբ: Իսկ օգոստոսի 12-ին Հարավային ռազմական օկրուգում անցկացվել է եւս մեկ զորավարժություն՝ ավելի քան 6,5 հազար զինծառայողների մասնակցությամբ:
"Իմ կարծիքով՝ Հարավային դաշնային օկրուգում զորավարժությունների հիմնական պատճառը Վրաստանում ՆԱՏՕ-ի ուժերի գործողություններն են ։ Զինված ուժերի մշտական մարտունակությունը եւ, որպես հետեւանք, հնարավոր ռազմական դիմակայությանը պատրաստության բարձր աստիճանը անհրաժեշտ են ոչ միայն Ռուսաստանին, այլեւ համաշխարհային քաղաքականության մյուս մասնակիցներին: Դրանք իրողություններ են, որոնցից ոչ մի տեղ չի փախչի, եւ այդ լույսի ներքո՝ Ռուսաստանի հարավում զորավարժությունները միանգամայն բնական են թվում", - ընդգծել է նա։
Օգոստոսի 6-9-ը Վրաստանում "Ուժը գործընկերության մեջ է" կարգախոսով
կայացել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2019 հերթական բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցել են ավելի քան 3000 զինծառայողներ դաշինքի երկրներից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Չեռնոգորիայից, Ռումինիայից, Թուրքիայից, ինչպես նաև գործընկեր երկրներից՝ Վրաստանից և Ուկրաինայից։
Փորձագետի գնահատմամբ ՝ Ռուսաստանի հարավում զորավարժությունները կարող են կապ ունենալ նաև ռուս-ուկրաինական սահմանին լարվածության հետ։ Ընդ որում, նրա կանխատեսմամբ, նույնիսկ սրվող լարվածությունը լայնամասշտաբ պատերազմի վերաճել չի սպառնում։ Առաջին հերթին՝ այն պատճառով, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմելու ամենեւին էլ չի պատրաստվում։ Այդ լույսի ներքո, նրա կարծիքով, ՀԴՕ-ում ռազմական ակտիվությամբ, Մոսկվան, ավելի շուտ, ձգտում է կանխել դիտվող լարվածության վերաճումը մարտական գործողությունների: