


Արմինֆո. Անթույլատրել վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
<Մեղավորների միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք>,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող զորամասերի և այլ ստորաբաժանումների զինծառայողների համար սննդի կազմակերպման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փետրվարի 21-ի նիստում
ընդունել էր «Փորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթաց կազմակերպելու մասինե որոշում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս սննդի կազմակերպման գործող ձևաչափի պարագայում հաճախակի են դարձել սննդի կազմակերպման գործընթացը բազմաթիվ օղակների բաժանված լինելու հանգամանքով պայմանավորված խնդիրները: Մասնավորապես՝ նախարարությունը կազմակերպում է սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չի կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն: Արդյունքում խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը սակայն երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի: Խնդիրներ են առաջանում նաև սննդի պատրաստման գործընթացում՝ կապված ձեռք բերվող սննդամթերքի և պատրաստվող սննդի որակի հետ: Մեկ այլ խնդիր է նաև Զինված ուժերում ձեռք բերված սննդամթերքի ընդունման և բաշխման շղթան՝ իր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով: Որպես խնդրի ճիշտ լուծում, ուսումնասիրելով նաև տվյալ ոլորտում միջազգային պրակտիկան, նախատեսվում է կոնսոլիդացնել նշված առանձին օղակները, որը հնարավոր է միայն պարենավորման կազմակերպումը մասնավոր անձին պատվիրակելու միջոցով:


