Արմինֆո.Ղարաբաղյան հարցը հնարավոր չէ լուծել մեկ շաբաթում և, անգամ, մեկ տարվա ընթացքում, եթե ինչ-որ մեկը այդպես է մտածում, ուրեմն ինքը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ իրական պատկերացում չունի: Այս մասին ՙՆԳ՚-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Բաքվի այն մեղադրանքներին, թե հայկական կողմը ձգձգում է խնդրի լուծումը:
ՙՄարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի համատեղ նիստում ես ասացի, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օրակարգ։ Մենք պետք է միասին աշխատենք այդ խնդրի լուծման ուղղությամբ։ Եթե մենք միասին չաշխատենք այդ ուղղությամբ, ապա մենք երբեք լուծում չենք ունենա, նույնիսկ՝ ռազմական ճանապարհով, որովհետև ռազմական ճանապարհով հնարավոր չէ լուծել խնդիրը, կարելի է միայն խորացնել՚, - հայտարարել է Փաշինյանը, կրկին ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։
Նրա խոսքով՝ իր առաջարկած օրակարգը բավականին անսպասելի է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար: ՙԺամանակ է պետք, որպեսզի մենք հանգամանորեն աշխատանքային մթնոլորտում քննարկենք բոլոր նրբությունները։ Կարծում եմ՝ այս տարվա ընթացքում և Ադրբեջանի իշխանությունները, և Մինսկի խմբի համանախագահները համոզվեցին, որ մենք իսկապես ուզում ենք լուծել այդ հակամարտությունը, իսկապես ուզում ենք հասնել խաղաղ համաձայնության, մեր բոլոր առաջարկները ժամանակի ձգձգում չեն, դրանք ուղղված են խնդրի լուծմանը, այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռքբերմանը։ Մեր հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե՝ պատերազմի։ Ես չեմ հոգնի կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։ Ցավոք, մենք դեռ նման հայտարարություն չենք լսել ադրբեջանական կողմից։ Երբ Բաքվում հայտարարեն, որ խնդրի լուծումը պետք է բավարարի եւ ադրբեջանական, եւ հայ ժողովրդին, ապա կարելի կլինի խոսել բանակցային գործընթացում բեկման մասին՚, - հայտարարել է Փաշինյանը։
Խոսելով ղարաբաղյան կարգավորման հարցում զիջումների հնարավորության մասին ՝ Փաշինյանը հայտարարել է, որ սխալ է այդ հարցը տալ կողմերից միայն մեկին։ ՙԿարեւոր է, որ գործընթացը կառուցողական լինի։ Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերն այդ հարցին պատասխանեն սինխրոն։ Եվ ես պատրաստ եմ այդ հարցին պատասխանել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հետ համընթաց։ Բայց երբ Ադրբեջանը հանդես է գալիս ռազմատենչ դիրքերից, հայկական կողմի զիջումներին և փոխզիջումներին պատրաստ լինելու հայտարարությունները կարող են մեկնաբանվել որպես թուլություն։ Ես միշտ ասել եմ, որ պետք չէ մեզ վախեցնել պատերազմով։ Մեզ ընդհանրապես պետք չէ վախեցնել, քանի որ մենք մեզ շատ վստահ ենք զգում։ Այժմ հայ հասարակությունը վերածննդի գործընթացում է բոլոր իմաստներով։ Մենք առաջարկում ենք խոսել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին՚, - հայտարարել Է նա, ընդգծելով, որ այժմ Հայաստանի համար առաջնահերթություններ են Լեռնային Ղարաբաղի հարցն ու տնտեսական հեղափոխության օրակարգը։ ՙՄենք հույս ունենք այս հարցերը լուծել ընկերների օգնությամբ եւ հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցությունն այս առումով արդյունավետ կլինի՚, - ամփոփել է Փաշինյանը: