Արմինֆո. Ատոմ Ջանջուղազյանը կպահպանի ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը։ Ազգային Ժողովը
ապրիլի 18-ի նիստում 41 կողմ, 67 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հրաժարվել է աջակցել նախարարի պաշտոնանկության հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու վերաբերյալ <Լուսավոր Հայաստան> ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությանը:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, Ջանջուղազյանի բացակայությունը խորհրդարանի այսօրվա նիստին վկայում է երկրի օրենսդիր մարմնի նկատմամբ կառավարության անդամների վերաբերմունքի մասին:
Նշենք, որ <Լուսավոր Հայաստանի> նախաձեռնությանը միացել է նաև <Բարգավաճ Հայաստան> խմբակցությունը: Սակայն, <Իմ քայլը> խմբակցությունը դեմ է քվեարկել ներկայացված բանաձևին, ինչն անդրադարձել է
քվեարկության արդյունքների վրա ։
Նշենք, որ նախօրեին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել սահմանադրական մարմնի նկատմամբ: <Խմբակցությունը կառավարության կառուցվածքի վերաբերյալ հարցում է ներկայացրել ՝ հույս ունենալով հստակ պատասխաններ լսել կրճատվող աշխատատեղերի քանակի, այդ աշխատողների հետագա ճակատագրի վերաբերյալ, իսկ ի պատասխան լսել է միայն <կապրենք, կտեսնենք> արտահայտությունը>,-հայտարարել է Էդմոն Մարուքյանը: Պատգամավորն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը ոչ միայն չի տվել խմբակցության առաջադրած հարցերի պատասխանները, այլև մերժել է բոլոր առաջարկներն առանց բացառության: Քննարկումները ցույց տվեցին, շարունակել է խորհրդարանականը, որ 10 հազար ծառայողների առաջիկա կրճատումների հետ կապված իրավիճակն ուղղակի ամոթալի է, իսկ նախարարի պատասխանները վատագույն դրսևորումն են խորհրդարանական հանրապետության դերի հավակնող երկրի համար։