Արմինֆո. Նախկին իշխանությունների կառավարման ժամանակ Հայաստանում եղել է համակարգային կոռուպցիա, բայց հիմա դրան վերջ է տրված։ Այդ մասին մարտի 22-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։
Վանեցյանի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվորեն պայքարել կոռուպցիայի եւ այլ արատավոր երեւույթների դեմ: Ինչպես հավաստիացրել է ԱԱԾ ղեկավարը, անկախ զբաղեցրած դիրքից եւ սոցիալական կարգավիճակից, բոլոր մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:
ԱԱԾ ղեկավարը տեղեկացրել է, որ կոռուպցիոն հանցագործությունների գծով վարույթում են գտնվում 234 մլն դրամի գործեր: Վանեցյանը նաև նշել է, որ 2018 թվականից սկսած ԱԱԾ քննչական վարչությունում քննվել է 40 քրեական գործ, որոնցից 26-ը ուղարկվել են քննչական մարմիններ, իսկ 13-ը գտնվում են քննության ընթացքում:
ԱԱԾ ղեկավարը նշել է, որ նախնական տվյալներով, քննվող գործերով պետությանը պատճառվել է 32 մլրդ 100 մլն դրամի վնաս: «Պետությանը հասցված վնասի ընդհանուր գումարից արդեն վերականգնվել է շուրջ 22 մլրդ 100 մլն դրամ՚, - հայտարարել է ԱԱԾ ղեկավարը: