Արմինֆո. Չեմ հասկանում, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սարգսյանն ինչու է Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի օրը խուճապահար գիտխորհրդի նիստ հրավիրում: Այդ մասին «Ֆեյսբուքի՚ իր էջից ուղիղ եթերում հայտարարել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա ասելով, Արամ Սիմոնյանը ստում է, թե նախարարը խափանում է ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները, քանի որ շաբաթներ առաջ Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ինքը գնացել է վարչապետի մոտ, եւ միասին քննարկել են, որ մեծ շուքով նշելու են ԵՊՀ 100-ամյակը: «Ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ, իսկ հանձնաժողովը չի ստեղծվել մի պատճառով, որ ես գլխավորում եմ նաեւ Թումանյանի 150-ամյակի եւ Կոմիտասի 150-ամյակի հոբեյանական հանձնաժողովները, եւ զուտ տեխնիկական պատճառներով այդ հանձնաժողովը ստեղծված չի՚, - ընդգծել է Հարությունյանը: Ընդ որում, նախարարը չի հերքել փաստը, որ ինքը Արամ Սիմոնյանին հայտարարել է, թե 100-ամյակին չի պատկերացնում նրա մասնակցությունն այդ միջոցառումներին` վերջինի ցածր հեղինակության առնչությամբ: Նախարարի հավաստմամբ, Արամ Սիմոնյանն էլ ասել է, որ 100-ամյակն իրեն չի հետաքրքրում, իսկ հետո նշել է, որ եթե իր դեմ քրեական գործ հարուցվի, ԵՊՀ-ն իրեն պետք է, որ պաշտպանվի:
Հիշեցնենք. օրերս Ոստիկանությունը հաղորդել էր Երևանի պետական համալսարանում հայտնաբերած մի շարք խախտումների և չարաշահումների մասին: Ոստիկանության հաղորդման համաձայն, պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: «Պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խմբային շահերից ելնելով, աշխատակիցների բացակայությունները ոչ միայն չեն արձանագրել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, այլև պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են արձանագրել: Այս ամենի հետևանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը: Պարզվել է նաև, որ Երևանի պետական համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին: Այս ապօրինության հետևանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն են հրավիրել Երևանի պետական համալսարանի հետ համագործակցած ընկերություններից մեկի փաստացի ղեկավարին: Գլխավոր վարչությունում տրված հաղորդման համաձայն՝ ընկերության փաստացի ղեկավարը համալսարանի ղեկավար պաշտոնատար անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու վերաբերյալ: Մասնավորապես, բուհի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել», - ասված է հաղորդագրությունում:
Մինչդեռ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով ոստիկանության հաղորդումը: Նրա ասելով, բուհում ոչ մի չարաշահում չի եղել, և աշխատակիցներից ոչ ոք այդ փաստերի առնչությամբ չի հարցաքննվել: