Արմինֆո.<Սասնա ծռեր> կուսակցությունն ակտիվ գործունեությամբ կզբաղվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում՝ իր ներկայացուցչությունը բացելով այնտեղ: Այդ մասին հայտարարել է
<Սասնա ծռեր> Արցախյան կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մխիթար Ավետիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակներ է հետապնդում
Արցախում Սասնա Ծռեր կուսակցության ստեղծումը:
Նրա խոսքով, դժբախտաբար, կուսակցության առաջարկությունը ՀՀ համապետական ընտրություններին արցախցիների մասնակցության վերաբերյալ անտեսվեց:
Ինչ վերաբերում է հարցին, թե արցախյան ուժն ավելի շատ ներքաղաքական հարցերի վրա է իր ուշադրությունը սևեռելու, եթե հաշվի առնենք, որ հայաստանյան վերջին զարգացումներից հետո Արցախում ոչինչ չի փոխվել, թե ավելի գլոբալ հարցեր է իր առաջ դրել, օրինակ հենց Արցախը ՀՀ-ին դե յուրե միացնելու գաղափարը կյանքի կոչելը, Ավետիսյանը նշել է. <Կարծում եմ, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո մարզում /նկատի է առնվում Արցախը-խմբ./ ևս դրական տեղաշարժեր կլինեն, ու մեր քաղուժը ամեն բան կանի Արցախում համակարգային փոփոխություններին նպաստելու համար։
Մեր կուսակցության առաջնային ու հիմնական նպատակը Արցախի դե յուրե միացումն է Հայաստանի Հանրապետությանը, իսկ տեսանելի ապագայում՝ նաև Կուր-Արաքսյան նոր հանրապետության ստեղծումը>:
Կուսակցության անդամը հայտարարել է նաև, որ Արցախում Սասնա Ծռեր կուսակցության ստեղծումը և նոյեմբերի 17- ին դրա հիմնադիր համագումարին մասնակցելու նպատակով մեծ ավտոերթով Երևանից Արցախ ժամանումը, կմաքրի բերձորյան խարանը մեր ազգի ճակատից։ <Արցախցիների շրջանում բազմաթիվ դրական արձագանքներ կան, արդեն բացվել են Բերձորի ու Ստեփանակերտի գրասենյակները, կան տասնյակ անդամագրվողներ։
Թեև Ստեփանակերտյան ռեժիմի կողմից նկատվում է որոշ անհանգստություն, քանի որ Արցախում նման քաղաքական ուժի ստեղծումը և գործունեությունը էապես նպաստելու է տարիներ ի վեր հաստատված ճամբարային վիճակը հաղթահարելուն, ինչն ինքնաբերաբար կհանգեցնի նաև իշխանափոխության, սակայն Երևանում տեղի ունեցող փոփոխություններն ու ժողովրդական տրամադրությունները՝ թե Երևանում և թե Ստեփանակերտում, ռեժիմին զրկում են բացահայտ բռնության դիմելու և մեր գործունեությունը խափանելու հնարավորություններից: Կարող են լինել անուղղակի քայլեր, սակայն դրանք չեն կարող կասեցնել մեր ընթացքը>,- ասել է նա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ