Արմինֆո. «Սասնա ծռեր» խմբավորման անդամ և Ծաղկահովիտի գյուղապետ պաշտոնի թեկնածու Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ») «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բաց նամակ է հղել համագյուղացիներին, հաղորդելով, որ իշխանությունը հերթական անգամ խախտել է օրենքը:
«Իմ շատ սիրելի Ծաղկահովիտցիներ Իմ շատ սիրելի Հայ Ժողովուրդ Ինչպես գիտեք մարտավարական նկատառումներով իմ թեկնածությունն եմ դրել հայրենի Ծաղկահովիտ համայնքում ընտրություններին մասնակցելու համար: Վարչախմբի կամակատարները շատ ոգևորված նշեցին` տեսեք ընտրությունները միակ միջոցն է… : Սակայն նույն վարչախումբն ինձ արգելեց հանդիպումներ ունենալ իմ վստահված անձանց հետ և իր գործելաոճին հավատարիմ՝ ոտնահարեց օրենքի պահանջը: Եվ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ի զորու չէ ազատ, արդար և ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու: Սիրելի’ Ծաղկահովիտցիներ, Ես ավելի քան վստահ եմ, որ Դուք հաղթահարելով բոլոր ճնշումներն ու ապօրինությունները, առավել ևս այս պայմաններում կկատարեք Հայրենիքի համար արդար և ճիշտ ընտրություն` հանուն մեր Հայրենիքի բարօրության: Հավաստիացնում եմ` Սանա ծռերից յուրաքանչյուրս հավատարիմ ենք մեր ուխտին` տապալել բռնապետությունը և Հայաստանում հաստատել ժողովրդի իրական իշխանություն», - ասվում է Ա.Խանդոյանի նամակում:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ պահելու համար, և 235-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու, տեղափոխելու համար: Սակայն օրենքը նրան չի արգելում կալանավորի կարգավիճակում պայքարել գյուղապետի պաշտոնի համար: